Հայաստան Քաղաքական 

Ես զանգահարել եմ մի քանի պատգամավորի. Արարատ Միրզոյանը հերքում է, թե ճնշումներ է գործադրել

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չգիտի, թե ինչպես խորհրդարանը կքվեարկի այս անգամ ԸՕ նախագծին, սակայն հավաստիացումներ է լսում, որ բազմաթիվ պատգամավորներ պատրաստվում են կողմ քվեարկել:
Հիշեցնենք, որ նախորդ դեպքում նախագիծը տապալվեց առաջին ընթերցման ժամանակ, սակայն այն կրկին քննարկվելու է հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի ժամանակ:

Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արտահերթ ընտրություններն ամեն դեպքում լինելու են, եթե վարչապետ չընտրվի նաև երկրորդ փուլում, իսկ թե որ Ընտրական օրենսգրքով, ժամանակը ցույց կտա:
Ինչ վերաբերում է նախորդ դեպքում ԸՕ-ի տապալման ժամանակ բացական պատգամավորներին՝ Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից, առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ բոլոր 105 պատգամավորներին էլ համարում է իրենց գործընկերները և լիահույս է, որ բոլոր քաղաքական ուժերի մեջ կամրապնդվի գիտակցում, որ երկիրը չպետք է տանել ավելորդ ցնցումների և լավ կլինի, որ ընտրությունները լինեն նոր ԸՕ-ով, որն ավելի ժողովրդավար է:

Տեղեկություններին, թե ինքն անձամբ զանգահարել է պատգամավորներին, որպեսզի ներկա լինեն քվեարկությանը, Միրզոյանն ասաց, որ ինքը այն մարդկանցից չէ, որ կարող է ճնշումներ գործադրել, ինչպես հայտարարվում է. «Ես մի քանի պատգամավորի զանգահարել եմ նրանց որպիսությունը հարցնելու համար: Հետո հասկանալու նրանց դիրքորոշումը, սակայն ճնշում, անգամ խնդրանք չի եղել: Տարբեր պատգամավորների զանգահարել եմ»:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ընտրություններից մեկ ամիս առաջ ԸՕ-ն փոխելուն միջազգային հանրությունը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ եղելէ  Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում և կարող է մեջբերել հանձնաժողովի նախագահ Բուքիքյոյի խոսքերը. «Նա մեկ առ մեկ թվարկեց առաջարկվող հիմնական փոփոխությունները և նշեց, որ դրանք հիմնականում դրական են: Նա ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը կարևորում է ընտրական գործողությունների կայունությունը, այդ թվում նաև այն ընտրություններից շատ ավելի շուտ ընդունելը: Բայց նա նաև ասաց, որ հասկանում են Հայաստանում ստեղծված առանձնահատուկ իրավիճակը և եթե կա քաղաքական համաձայնություն, խնդիր չեն տեսնում: Հետո հանձնաժողովի անդամները առարկություն չունեցան, բանաձևը համարվեց հաստատված»:

Միրզոյանը հաստատեց, որ ներկա իշխանությունները ցանկացած դեպքում ունեն բավարար քաղաքական կամք արդար ընտրություններ անցկացնելու համար:

 

 

Նույն շարքից