Հասարակություն գլխավոր 

Ինձ համար պարզ է. Կարեն Դեմիրճյանի կինն արտաքին հետք է տեսնում Հոկտեմբերի 27-ի գործում

Բոլորիս համար ծանր օր է: Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների կողմից սպանված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի կինը՝ տիկին Ռիման. «Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը խաղաղ ապրի, հաջողություն ունենան բոլորը, միասնական լինեն և նման բաներ մեր կյանքում էլ չկատարվեն: Սա մեծ կորուստ էր: Ժամանակի ընթացքում ես զգում եմ, թե ինչպես են բոլորը հասկանում դա»:

Ռիմա Դեմիրճյանի խոսքերով, հիմա նոր ալիք է բարձրացրել, անընդհատ բոլորը հետաքրքրվում են Կարեն Սերոբիչով. «Հատկապես հաճելի է, որ երիտասարդներն են գալիս թանգարան, նյութեր խնդրում, հետաքրքրվում: Նրա կատարած աշխատանքից պետք է դասեր քաղել: Հիմա ես նրա գրառումների վրա եմ աշխատում, դրանք շատ հետաքրքիր են: Չգիտեմ, թե երբ լույս կտեսնեն, մշակման կարիք ունեն: Քիչ են, բայց կարևոր են, որպես պատգամ են հնչում»:

Հարցին, թե իր համար արդյո՞ք պարզ է, թե ինչու կատարվեց հոկոտեմբերի 27-ը, տիկին Ռիման դրական պտասխան տվեց. «Ես փաստեր չունեմ, բայց նոր դրա մասին էինք խոսում: Կարեն Սերոբիչի կատարած աշխատանքը միայն շինարարությունները չեն, միայն տնտեսություն և բարեկեցություն բարձրացնելը չէ: Նրա վաստակը շատ ավելի մեծ է և լայն, որը դեռ չի հասկացվել: Ես չեմ կարող հիմա շատ բան ասել: Դա պայմանավորված է Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարությամբ, Նյուվադա-Նախիջևանի ճանապարհի շինարարության կասեցման հետ: Մնացածը հասկացեք: Դա շատ կարևոր աշխարհաքաղաքական հարցեր էին: Եթե այդ բոլորը, մեկը չկատարվեր, մյուսը կատարվեր, մենք հիմա անկլավային պետություն կլինեինք, կլինեինք ինչպես հնդիկներն Ամերիկայում»:

Հարցին, թե արտաքին ուժերի միջամտության մասին է խոսքն արդյո՞ք, Ռիմա Դեմիրճյանն ասաց. «Անպայման: Ես փաստեր չունեմ, բայց համոզված եմ, որ այստեղ և դրսում ուժեր կան, որոնց Կարեն Սերոբիչը խանգարեց»:

Տիկին Ռիմայի խոսքերով, մարդասպանները միայն կիլերներ են եղել, նրանց ուղղակի գտել են, նրանք բան չգիտեն:

Ռիմա Դեմիրճյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել է գործի բացահայտման մասին. «Նա առանց իմ ասելու էլ, համոզված եմ, որ պետք է վերանայի: Անկախ նրանից՝ կհասնեն հաջողության, թե՝ ոչ, պետք է ամեն ինչ արվի, որ հասարակությունն իմանա, թե ինչ է կատարվել»:

Տիկին Ռիմայի խոսքերով, գործը շատ բարդ է, բայց անկախ ամեն ինչից պետք է գործը մանրակրկիտ նայվի, կան հարցեր, որոնք բաց են մնացել:

Նույն շարքից