ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել այսօր Երևանում ընթացող ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է.
«Կես տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, մենք հայտարարեցինք, որ նպաստելու ենք նրա աշխատանքներին՝ ուղղված սևծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության խթանմանը, կազմակերպության գործունեության արդյունավետության և միջազգային ասպարեզում նրա տեսանելիության բարձրացմանը:
Հայկական նախագահության ընթացքում կազմակերպվել են շուրջ 70 միջոցառումներ, առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը։ Որպես Տեղեկատվական և Հեռահաղորդակցման Տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող հատուկ ուշադրություն ենք դարձրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանմանը։
Այս ժամանակահատվածում ընդունվել են զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրեր, քայլեր են ձեռնարկվել աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման, միջազգային կազմակերպությունների, դիտորդների և ճյուղային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև քարտուղարությունում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Տիկնայք և պարոնայք,
ՍԾՏՀ-ում նախագահությունը հաջորդ վեցամսյա ժամանակաշրջանով փոխանցվեց Բուլղարիային: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել իմ բուլղարացի գործընկերոջը և վստահեցնել, որ բուլղարական նախագահությունը կարող է ապավինել մեր աջակցությանը` իր ծրագրերի իրականացման գործում»: