Ամեն մեկը խոսում է իր անունից, Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, նա ու որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, որ ընտրություններից հետո ԼՂ հակամարտության հարցում հայաստանյան իշխանությունները կարող են ավելի վճռական քայլեր անել:
Փաշինյանի խոսքերով, ուժեղ մանդատն իրեն հնարավորություններ կտա, սակայն ինքն արդեն ասել է, որ չի կարող լինել լուծում, որն ընդունելի չի լինի հայ ժողովրդի, ՀՀ-ի և Արցախի իշխանությունների համար. «Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք լինելու ենք հրապարակային, կուլիսներում որևէ բան չի որոշվելու: Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը հայ ժողովուրդն է, ոչ թե որևէ կառավարություն կամ վարչապետ: Սա համահայկական հարց է, նաև սփյուռքի կարծիքն է կարևոր»:
Ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, Փաշինյանն ասաց, որ դրանք չեն մոռացվել, ցանկացած հանդիպման ժամանակ դրանց մասին խոսում է, բայց ի տարբերություն նախորդ իշխանությունների, Հայաստանի այս իշխանություններին հաջողվել է կոնկրետ քայլեր անել ու կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, այդ թվում նաև զինադադարի վիճակի շատ, թե քիչ պահպանման հարցում. «Ցույց տվեք մի դեպք, որ Հայաստանի ցանկացած ղեկավար հանդիպել է Ադրբեջանի որևէ ղեկավարի, հետո նստել ուղիղ եթեր ու պատմել, թե ինչ են պայմանավորվել: Ինչու Հայաստանի ղեկավարները չեն եկել ամեն հանդիպումից հետո ուղիղ եթեր մտել ու ասել, թե ինչի մասին են խոսել: Ես ասել եմ, թե ինչ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Էլ ի՞նչ պետք է անեի, որ չասեն ստվերային պայմանավորվածություն է եղել»: