Հայաստան Քաղաքական 

Հանրապետականը սխալ ճանապարհով է գնում. Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է

Ես չեմ բացառում, որ կառաջադրվեմ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Եթե այս անգամ ևս առաջադրում լինի և վարչապետի ընտրություն կրկին տեղի չունենա, խորհրդարանը կարձակվի և տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ, ինչին ձգտում է իշխող քաղաքական ուժը:

Վարչապետի պաշտոնակատարն այսօր նշեց, որ նախորդ անգամ չի հասցրել ասել այն ամենը, ինչը կցանկանար ասել: Խոսքը մասնավորապես վերաբերում է տնտեսական ոլորտին, որի համար ժամանակ չի մնացել: Նա կարող է առաջադրվել այդ մասին խոսելու համար:

Խոսելով ԸՕ-ի մասին՝ Փաշինյանն ասաց, որ իրենց համար տարբերություն չկա, թե որ ԸՕ-ով կլինեն ընտրությունները, սակայն իր կարծիքով քաղաքական դաշտի առողջացման, ընտրություններն առավել քաղաքական դարձնելու համար ճիշտը նոր Ընտրական օրենսգիրքն է:

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Հանրապետականը սխալ ճանապարհով է գնում. «Եթե նրանք իրենց այս կեցվածքը շարունակեն պահպանել, ընտրական գործընթացը գնալու է հեղափոխություն-հակահեղափոխություն տրամբանության մեջ: Նրանք ցանկանում են մեսիջներով ցույց տալ, թե իրենց մեջ կենդանի է այն միտքը, որ վերադառնալու են իշխանության, ինչը նույնիսկ ֆանտաստիկայի ոլորտից չէ: Նաև ՀՀԿ-ի շահերից է բխում լրիվ համամասնական ընտրակարգը»:

 

Նույն շարքից