Հասարակություն գլխավոր 

Վազգեն Սարգսյանի խոսքերն իրականություն դարձնելու համար պետք է չբաժանենք սևերի և սպիտակների. Արամ Սարգսյան

Պատվիրատուի վարկածը չի հերքվել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման մասին և հավելելով, որ այդ մասով երկու տարբերակ կա՝ ներսի և դրսի պատվիրատու:

Սարգսյանի խոսքերով, Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը երկրին հասցված վնասի առումով որոշակի նմանություններ ունեն, բայց մարտի 1-ի բացահայտման գործընթացն ավելի հեշտ է, քան՝ հոկտեմբերի 27-ը, որի բացահայտումը ճիշտ կլինի սկսել այն ժամանակ, երբ երկիրն ամուր ոտքերի վրա կանգնած կլինի, հունի մեջ ընկած կլինի երկրում գործող կառավարությունը և բացառված կլինեն արտաքին քաղաքական վտանգները. «Ես արտաքին քաղաքական միջամտության վարկածն ավելի հնարավոր եմ համարում: Եթե այդ վարկածը ստուգելու լինենք, շատ զգույշ պետք է մոտենանք այդ խնդրին, որովհետև նայեք, թե Քենեդիների ընտանիքի հետ ինչ եղավ: Այս խնդիրները բոլոր երկրներում կան, բայց պետությունը գոնե իր ներսում պետք է իմանա, թե որտեղի է այդ վտանգը, ինչ ռիսկեր կան և զոհերի հարազատները պետք է նաև իմանան դրա բացահայտված լինելը և նաև այն, թե ինչու այն չի հրապարակվում»:

Սարգսյանի խոսքերով, եթե արտաքին քաղաղաքական վարկածը հաստատելու կամ հերքելու լինենք, դրա բացահայտումն ազգային անվտանգության սպառնալիք կառաջացնի:

Խոսելով արդեն եղբոր՝ Վազգեն Սարգսյանի մասին, Արամ Սարգսյանն ասաց՝ վերջինս մարդ էր, ով հավատաց, որ 3 միլիոնանոց Հայաստանը կարող է հաղթել 6 միլիոնանոց Ադրբեջանին ու մենք հաղթեցինք. Վազգեն Սարգսյանը հավատում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Ես ցանկանում եմ, որ մենք կարողանանք այդ խոսքերն իրականություն դարձնենք: Իսկ դրա համար պետք է չբաժանենք մեզ, չբաժանենք սևերի ու սպիտակների, մրցակցենք իրար հետ գաղափարներով, ոչ թե ինքնասիրահարվածությամբ և մեծամտությամբ: Այդ ժամանակ 21-րդ դարը հաստատ մերը կլինի»:

 

 

 

 

Նույն շարքից