Ֆրանսիայի իշխանությունները որոշել են դպրոցներում խստացնել անվտանգությունը՝ աշակերտների ագրեսիվության բարձրացման պատճառով։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Նշվում է, որ Ֆրանսիայի իշխանությունները մշակել են կրթական հաստատություններում անվտանգության ամրապնդման համապարփակ ծրագիր՝ աշակերտների ագրեսիայի բարձրացման ֆոնի վրա։ Ծրագիրը կներկայացվի հանրությանը հոկտեմբերի 30-ին, հայտարարել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերը՝ Europe 1 ռադիոկայանի ուղիղ եթերում:
Ավելի վաղ, տեղի է ունեցել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներոյի, արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի և կրթության նախարար Ժան-Միշել Բլանկերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկրի կրթական հաստատություններում անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումները: Հանդիպումը տեղի է ունեցել ուսուցիչների վրա հաճախակի հարձակումների պատճառով:
«Նախօրեին մենք հանդիպեցինք Քրիստոֆ Կաստաներոյի և Նիկոլ Բելուբեի հետ` խնդրին ծանոթանալու համար։ Նախարարների խորհուրդը կներկայացնի մի շարք նոր միջոցառումներ», - ասել է Բլանկերը:
Նախարարը հիշեցրել է, որ քննարկման արդյունքները նկատի ունենալով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կաստաները չի բացառել դպրոցներում ոստիկանների ներկայության հնարավորությունը: Բլանկերը պարզաբանել է, որ խոսքը միայն անհատական դեպքերի մասին է, այլ ոչ թե երկրի բոլոր ուսումնական հաստատությունների․ «Դա կարող է տեղի ունենալ առանձին դեպքերում, որը նախատեսվում է ճշտել, բայց դա չի լինի համընդհանուր ընդունված պրակտիկա»,-նշել է ԿԳ նախարարը:
Բլանկերը հայտնել է նաև, որ կառավարության ծրագիրը նախատեսում է, առաջին հերթին, փոփոխել կրթական հաստատությունների ներքին կանոնադրությունը և ագրեսիվ վարքագծի հետ կապված նոր համակարգեր ստեղծել: Երկրորդը, Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են օժանդակել այն հաստատություններին, որտեղ խախտվել է կրթական գործընթացի կարգը: Սա ներառում է, մասնավորապես, «բջջային արձագանքման թիմերի» լայն տարածում, որն արդեն գոյություն ունի երկրի մի շարք «առաջադեմ» դպրոցներում:
Ֆրանսիայի կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի այն աշակերտներին, որոնք հեռացվել են դպրոցից վատ վարքագծի պատճառով։ Բլանկերն ընդգծել է, որ «երբեմն իրավիճակը հասնում է աբսուրդի», քանի որ վատ վարքի պատճառով դուրս մնացած աշակերտը գնում է մեկ այլ դպրոց և «սկսում է խառնաշփոթ ստեղծել այլ դպրոցում»:
Կրթության նախարարի խոսքերով, անհրաժեշտ է հատուկ կրթական կառույցներ ստեղծել տարբեր մասնագիտություններ ունեցող ուսուցիչներով, որպեսզի նրանք վերապատրաստեն ագրեսիվությամբ տարբերվող աշակերտներին։
«13-18 տարեկան դեռահասների համար պետք են հատուկ կառույցներ, որոնք կարող են ներառել տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ` կրթությունից, ոստիկանությունից և բանակից ... Կարող է նաև լինել երիտասարդ կամ թոշակառու զինծառայողներ »,-պարզաբանել է նախարարը։