Քաղաքական 

Քրիստիան Վիգենինը շնորհավորեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին

Հայաստանը կաջակցի Բուլղարիային Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնելուց հետո: Այդ մասին դեկտեմբերի 12-ին նշեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՍԾՏՀ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակում:

«Կազմակերպությունում նախագահությունը հաջորդ վեցամսյա ժամանակաշրջանով  փոխանցվեց Բուլղարիային: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել իմ բուլղարացի գործընկերոջը և վստահեցնել, որ բուլղարական նախագահությունը կարող է ապավինել մեր աջակցությանը իր ծրագրերի իրականացման գործում»,- ասաց արտգործնախարարը:

Նալբանդյանը նշեց, որ կազմակերպությունում հայկական նախագահության ընթացքում կազմակերպվել է շուրջ 70 միջոցառում, առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ: «Որպես Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող` հատուկ ուշադրություն ենք դարձրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանմանը»,- ասաց ՀՀ արտգործնախարարը: Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի նախագահության շրջանում ընդունվել են զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրեր, քայլեր են ձեռնարկվել գործընկերների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև քարտուղարությունում բարեփոխումների  իրականացման և այլ ուղղություններով:

Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Վիգենինը շնորհավորեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ իր «գերազանց» աշխատանքի համար: «Ես ցանկանում եմ ընդգծել այն փաստը, որ Հայաստանի նախագահության փորձը հաջողակ էր, և մենք պետք է շարունակենք լավ աշխատանքը և զագացնենք այն լավ գաղափարները, որոնք առաջարկվել են Հայաստանի կողմից»,- ասաց Բուլղարիայի արտգործնախարարը:

Երևանում դեկտեմբերի 12-ին անցկացվում է Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները, այդ թվում` Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Վիգենինը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը: 

Նույն շարքից