Թուրքական մամուլն անդրադարձել է դեկտեմբերի 12-ի առավոտյան Երեւանում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի դեմ բողոքի ակցիային: Դավութօղլուն Երեւան է այցելել Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցելու համար:
Դավութօղլուի դեմ Երեւանում «Մարիոթ» հյուրանոցի դեմ բողոքի ակցիան թուրքական «Հաբերլեր» լրատվականը վերնագրել է «Սառը ցնցուղ Երեւանում` Դավութօղլուին»: Կայքը նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները Թուրքիայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ թուրք նախարարը հյուրանոց է մտել ոչ թե գլխավոր մուտքից, այլ ետնամուտքից:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունն էլ հաղորդել է, որ ենթադրվում է, որ այսօր կեսօրին Դավութօղլուն առանձնազրույց կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Սկզբնաղբյուրը՝ Արմենպրես