Քաղաքական 

Բուլղարիայի ԱԳ նախարարին փոխանցվեց ՍԾՏՀ նախագահությունը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երեւանում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ հանդիպումը: Նիստին մասնակցել են պատվիրակություններ կազմակերպության անդամ 12 երկրներից, 9 դիտորդ եւ ներկայացուցիչներ գործընկեր երկրներից, ՍԾՏՀ կառուցվածքային կազմակերպություններից եւ միջազգային կազմակերպություններից: ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման օրակարգում են եղել Սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացման, կազմակերպության արդյունավետության բարձրացման, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում անդամ-պետությունների համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման, ՍԾՏՀ և միջազգային կազմակերպությունների ԵՄ համագործակցության խթանման hարցերը:

Բացելով արտգործնախարարների խորհրդի նիստը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՍԾՏՀ-ում Հայաստանի վեցամսյա նախագահության ընթացքում իրականացված գործունեության արդյունքները: Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը ավելի լայն հնարավորություն կընձեռի անդամ-պետությունների միջեւ համագործակցության խթանման, տնտեսության բնագավառում տարածաշրջանային եւ միջազգային բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, ՍԾՏՀ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՍԾՏՀ-ում հայկական նախագահության ընթացքում անց են կացվել շուրջ 70 միջոցառումներ` նախարարական հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ եւ աշխատանքային խմբերի նիստեր:

Նախարար Նալբանդյանը նշել է նաեւ, որ նախագահության ժամանակահատվածում առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը:

ՍԾՏՀ անդամ երկրները ներկայացնող պատվիրակությունների ղեկավարներն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի գործունեությունը` որպես կազմակերպության նախագահող` նշելով, որ այդ շրջանում ՍԾՏՀ աշխատանքները ակտիվ են եղել եւ արդյունավետ:

Նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Բուլղարիայի ԱԳ նախարար Կոնստանտին Վիգենինին ՍԾՏՀ նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Բուլղարիայի արտգործնախարար Կրիստիան Վիգենինի եւ ՍԾՏՀ գլխավոր քարտուղար համատեղ մամուլի ասուլիսը:

Նույն շարքից