Քաղաքական 

ՌԴ-ում Արթուր Բաղդարսարյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում այսօր` դեկտեմբերի 12-ին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Նախ տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղարի հանդիպումը «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինի հետ: Քննարկվել են վերջին շրջանում Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից ծավալվող գործունեության ընդլայնման, մասնավորապես, 2013թ. հոկտեմբերի 3-4-ը Սերգեյ Կալուգինի Երևան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով ստորագրված արձանագրության կետերի կատարման հետ կապված հարցերը: Դրական գնահատելով համագործակցության առկա արդյունքները` կողմերը պայմանավորվել են շարունակել դրա խորացմանն ուղղված ջանքերը:

Այնուհետև տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպման մասնակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել նշված ոլորտում հայ-ռուսական շփումների ակտիվության կապակցությամբ` հատուկ ընդգծելով վերջերս Երևանում կայացած հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: ԱԱԽ քարտուղարը նշել է, որ երկու երկրների միջև ռազմարդյունաբերական համալիրի բնագավառում փոխգործակցության որակապես նոր մակարդակի հասնելու գործում առանցքային դեր կխաղա Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված պայմանագիրը, որը 2013թ. դեկտեմբերի 4-ին վավերացվել է հայկական կողմից: Կողմերը քննարկել են նաև երկկողմ փոխգործակցության ծավալման հնարավորությունները ռազմարդյունաբերական ոլորտի մի շարք նոր և հեռանկարային ուղղություններով: 

ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ռուսական կողմին փոխանցված «Մարս» ՓԲԸ գործարանի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ ձեռնարկությունների զարգացման ծրագրերի հետ կապված հարցերը: ԱԱԽ քարտուղարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է նշված ձեռնարկությունների լիարժեք գործարկումը երկարաժամկետ հեռանկարում: Կողմերի համոզմամբ, նշված գործընթացի հաջող իրականացումը թույլ կտա խորացնել հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը թե՛ տնտեսական, թե՛ ռազմարդյունաբերական բնագավառներում:

Այնուհետև տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ պետական ռեզերվների գործակալության ղեկավար Դմիտրի Գոգինի հետ: Նշված հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքում պետական ռեզերվների հայ-ռուսական համատեղ հատուկ ենթակառուցվածքի ստեղծման հետ կապված հարցերը: Այդ կապակցությամբ նշվել է, որ ի կատարումն 2013թ. հունիսի 23-25-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի ՀՀ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ: Այդ ուղղությամբ հետագա գործողություններն իրականացվելու են համաձայն 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի շրջանակներում ստորագրված` ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագրի համաձայն: Կստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ, որը կմշակի «Պետական ռեզերվների ռուս-հայկական համատեղ կենտրոնի ստեղծման մասին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագրի» նախագիծը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի վերջին պաշտոնական հանդիպումը ՌԴ Դաշնային տիեզերական գործակալության (Ռոսկոսմոս) ղեկավարության հետ էր: Կողմերը քննարկել են տիեզերքի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Գոհունակությամբ նշվել է, որ այսօր արդեն իսկ իրականացվում են համատեղ ծրագրեր, մասնավորապես, Բյուրականի աստղադիտարանի հնարավորությունների օգտագործմամբ: Երկուստեք կարևորվել է «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը, որի մշակված նախագիծն այժմ անցնում է ներպետական ընթացակարգեր:  

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ առաջիկայում կստեղծվի մշտապես գործող հայ-ռուսական աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ ոլորտում առկա բոլոր հարցերի քննարկմամբ: 2014թ. ընթացքում կկազմակերպվի Ռոսկոսմոսի ղեկավարի այցը Հայաստան, որի շրջանակներոմ կողմերի միջև կստորագրվի համապատասխան փաստաթուղթ, որում կնախանշվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հետագա աշխատանքները:  


Նույն շարքից