Ընտրական օրենսգրքի նոր նախագծում ամենակարևոր շեշտադրումն այն է, որ բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից և հակառակը, այսինքն գործարարները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն բիզնեսով: Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խորհրդարանում ԸՕ-ի քննարկման ժամանակ հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի խոսքերով, ռեյտինգային ընտրակարգը նորմալ ընտրակարգ է, բայց եթե գործարարները չեն մասնակցում, իսկ եթե վերջիններս մասնակցում են, ամեն ինչ փոխվում է:
Մարուքյանը կարծում է, որ շատ վատ համակարգ է նաև համամասնականը, եթե գործարարները մասնակցում են ընտրություններին, հետևաբար խնդիրը ոչ թե ընտրակարգերի փոփոխությունն է, այլ քաղաքական համակարգի առողջացումը, ինչի համար պարտադիր է քաղաքականությանը գործարարների չմասնակցելը, քանի որ գործարարները քվեարկելու են իրենց շահերից ելնելով:
ԵԼՔ-ի ներկայացուցիչը հայտարարեց՝ եթե գործարարները նորից մտան քաղաքականություն Ընտրական օրենսգրքի ընդունումը զրո է լինելու:
Մարուքյանի խոսքերով, խոշոր գործարարները, խոշոր սեփականատերները պետք է քաղաքականությունից հեռու մնան:
Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքը խոշոր սեփականատեր է: