Բարի օր Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանը մտածում է Հայաստանում ընդդիմադիր դաշտը գլխավորելու մասին

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ քաղաքական դաշտում լինելու են լուրջ վերաձևավորումներ, ինքնադրսևորման մեծ հնարավորություններ կստեղծվեն, բայց թե ով հանդես կգա որպես ընդդիմության առաջնորդ, կախված է այն բանից, թե ինչպես կդրսևորի իրեն ապագա ընդդիմությունը: Այս մասին Լենտայի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այն հարցին, թե ինչ է նկատի ունեցել ասելով, որ միաբևեռ խորհրդարանի ձևավորումը կստեղծի անկայունության նախադրյալներ, Քոչարյանը նշել է, որ խոսքն իշխանության և պատասխանատվության մասին է․ «Լիարժեք իշխանությունը ենթադրում է լիարժեք պատասխանատվություն, և դա մեդալի մեկ կողմն է՝ դրականը, քանի դեռ չի լինի մեկը, ում կարելի է մեղադրել սեփական անհաջողության համար: Այսօրվա հայտնի «սաբոտաժ» և «հակահեղափոխություն» բառերը կկորցնեն իրենց հասցեատերերին և գուցե այդ ժամանակ կառավարությունը ի վերջո կզբաղվի տնտեսությամբ։ Իսկ բացասականը կլինի այն, որ կստեղծվի նոր քաղաքական մենաշնորհ, և դրանից երկրում լավ բան չի լինի: Որպես կանոն, իշխանության նման մենաշնորհը հանգեցնում է իշխանության լճացման, ինչպիսին էլ լինի հեղափոխությունը: Երկրում կդադարի գործել  փոխզսպումների  և հակակշիռների համակարգը, որը չափազանց կարևոր է կառավարության մասնաճյուղերի հավասարակշռության տեսանկյունից»:

Իսկ այն հարցին, արդյոք Հայաստանում այսօր կան քաղաքական ուժեր կամ առանձին քաղաքական գործիչներ, որոնք կարող են խախտել այդ մենաշնորհը՝ հաշվի առնելով ընդդիմության դերը, Քոչարյանն ասաց, որ դա կախված կլինի այն բանից, թե որքան աշխույժ և պրոֆեսիոնալ կպատրաստեն իրենց աշխատանքը խորհրդարանական ընտրություններից հետո․ «Բոլորը հասկանում են, որ քաղաքական դաշտում լինելու է լուրջ վերաձևավորում, ինքնադրսևորման մեծ հնարավորություններ կստեղծվեն, բայց թե ով հանդես կգա որպես ընդդիմության առաջատար՝ կախված է այն բանից, թե ինչպես կդրսևորի իրեն ապագա ընդդիմությունը»:

ՀՀ երկրորդ նախագահը հայտնել է նաև, որ մտածում է այդ դերում լինելու վերաբերյալ։ Իսկ արդյոք պատրաստ է գլխավորել հայկական ընդդիմությունը, Քոչարյանն իր մտահոգությունն է հայտնել՝ ասելով, որ հիմքեր ունի լրջորեն մտահոգվելու Հայաստանի ապագայի վերաբերյալ․ «Սա դրդում է ինձ ինչ-որ կերպ ազդել այդ գործընթացների վրա: Թե որքանով է դա հաջողվում ինձ ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ, որ իմ անցյալը, իմ փորձը թույլ կտա խաղալ զգալի դեր հայկական ընդդիմությունում»։

 

Նույն շարքից