Ընտրությունների ժամկետների ու ընտրություններից առաջ օրենք փոխելուց ՀՀԿ-ն պետք է չխոսի, որովհետև Սերժ Սարգսյանի ժամկետը լրանալուց առաջ սահմանադրական փոփոխություններ եղան, որպեսզի վերջինս կարողանա շարունակել կառավարել: Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խորհրդարանում ԸՕ-ի քննարկման ժամանակ հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին:
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 2-ին, որի վերաբերյալ խոսելիս Աշոտյանը խոսել էր պատանդառության մասին, Սիմոնյանն ասաց, որ դա Հանրապետականի` հակահեղափոխության, հակաճնշման փորձի տապալում էր, և խորհրդարանը պաշարված էր ոչ թե գործադիրով, այլ ժողովրդավարությամբ, ՀՀ ժողովրդով, քանի որ սա ՀՀ ԱԺ-ն է, ոչ թե ՀՀԿ-ի դուքյանը. «Այն, ինչ այսօր կատարվում է ՀՀ-ում, ժողովրդավարության սկիզբն է, գագաթնակետն է, վայելեք ուղղակի»:
ԵԼՔ-ի պատգամավորը նշեց, որ ԸՕ-ն բերել են քաղաքական դաշտը վերականգնելու համար, որը վերացվել է Հանրապետականի ցինիկ ելույթներով. «Ուզում եք քվեարկեք, ուզում եք, մի քվեարկեք, ժողովուրդն արդեն ձեր համար որոշել է, որ չի քվեարկելու: Ես հասկանում եմ վերջին Մոհիկկանի, վերջին վատություն անելու ցանկությունը, բայց դուք դրանով պատմության մեջ չեք մնալու, պարոն Աշոտյան»:
Սիմոնյանը հայտնեց, որ ԵԼՔ-ը կողմ է քվեարկելու ԸՕ-ին` կոչ անելով բոլորին հետևել այդ օրինակին։