Քաղաքական 

Թուրքական ԶԼՄ-րի զրույցը Դավութօղլուի հետ

Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների (ՍԾՏՀ) նիստին մասնակցելու շրջանակում Երեւանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ մոտ 1,5 ժամ տեւած, մամուլի համար փակ հանդիպումից հետո հարցազրույց է տվել միայն թուրքական լրատվամիջոցներին:

Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը Երեւանի «Մարիոթ» հյուրանոցից ուղիղ հեռարձակմամբ հաղորդել է Դավութօղլուի մամուլի ասուլիսը:

Դավութօղլուն խոսել է ՍԾՏՀ նիստում տեղի ունեցած կարեւոր քննարկումների մասին:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, թուրք նախարարը նշել է, որ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ կարեւորվել են հայ եւ թուրք ժողովուրդների պատմական անցյալը բաց եւ անկեղծ կերպով քննարկելու, Կովկասում առկա խնդիրներին մնայուն լուծում գտնելու, տարածաշրջանը տնտեսապես զարգացնելու, Հայաստանի` տարածաշրջանային տնտեսական նախագծերին անդամակցելու անհրաժեշտության հարցերը: «Անկեղծ հանդիպում էր: Առանց հանդիպելու, խոսելու եւ առկա խնդիրները քննարկելու առաջ ընթանալ հնարավոր չէ»,- ասել է Դավութօղլուն:

Մամուլի ասուլիսում թուրք լրագրողները ընդամենը երկու հարց են բարձրաձայնել:

Այն հարցին, թե շոշափվել է արդյոք «գրավյալ երկու շրջանները ազատելու դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու» մասին Երեւան մեկնելուց առաջ թուրքական մամուլում շրջանառված հարցը, Դավութօղլուն պատասխանել է, որ դա թուրքական մամուլի կողմից արված հայտարարություններ են, որին անդարադարձել է նաեւ հայկական մամուլը: «Մենք խոսել ենք երկու երկրների միջեւ երկխոսությունը զարգացնելու մասին»,- նշել է նա: Մյուս հարցը վերաբերվել է ՍԾՏՀ հետագա գործունեությանը եւ ծրագրերին:


Սկզբնաղբյուրը՝ armenpress.am

Նույն շարքից