Ընտրական գործընթացը «Ռեալ»-«Բարսելոնա» խաղը չէ, այստեղ խոշոր հաշիվը չի նշանակում, որ պետությունը հաղթելու է, որ ժողովրդավարությունը հաղթելու է: Լրագրողների հետ զրույցում Ընտրական օրենսգրքի տապալումից հետո հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի խոսքերով, քաղաքական բազմակարծության պարագայում Հանրապետականի դերը պետք է ամրապնդել որպես ազգային ընդդիմադիր քաղաքական ուժ. «Մենք մեր էլեկտորալ հաշվարկներն ունենք, դուք մեր դարդը մի լացեք, մեր հոգսը մի տարեք, հետևեք մեզ»:
Հանրապետական պատգամավորի խոսքերով, երկրի համար խնդիր է, երբ կա միաբևեռ համակարգ ձևավորվելու վտանգ և խնդիրը նրա մեջ չէ՝ Նիկոլը լավն է, թե վատը, խնդիրն այն է, որ միաբևեռ համակարգը վատն է:
Աշոտյանը նշեց, որ ընտրություններին Հանրապետականը մասնակցելու է իր սկզբունքների համար, իսկ թե ինչ արդյունքներ կգրանցվեն, ժամանակը ցույց կտա: