Քաղաքական 

1915թ.-ին հայերի տեղահանությունն անմարդկային էր, և Թուրքիան երբեք չի աջակցել այդ քայլին

1915թ.-ին հայերի տեղահանությունն անմարդկային էր, և Թուրքիան երբեք չի աջակցել այդ քայլին։ Այս մասին երեկ Երևան կատարած այցի ընթացքում մի քանի թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։

Hurriyetdailynews-ի փոխանցմամբ` Դավութօղլուն Հայաստան էր մեկնել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խմբային հանդիպմանը։

«Մենք գոհ ենք Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից։ Այն անկեղծ էր։ Հիմնական նպատակն էր երկխոսության համար ամուր հիմքերով միջավայր կառուցելը»,-ասել է նա և հույս հայտնել, որ երկու երկրների հավաքական գիտակցությունը կարող է «արդար հիշողություն» ստեղծել։

«Մենք ասում ենք «արդար հիշողություն», ինչը նշանակում է, որ մենք պետք է իմանանք փաստերը։ Այդ ժամանակ մենք կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները նման չեն գերմանա-հրեական կապերին։ Ամեն փողոցում մի ընդհանուր գիծ կա։ Երբ մենք հասկանանք դա, ապա կտեսնենք, որ տեղահանությունը, որը ես բացարձակ սխալ եմ համարում Օսմանյան կայսրության կողմից, անմարդկային էր»,-ասել է Դավութօղլուն Երևանում։

Երևանը ցանկանում է, որ Անկարան ճանաչի հայերի զանգվածային սպանությունները՝ «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած տեղահանությունը» ցեղասպանություն համարի, սակայն Թուրքիան մերժում է դա։

Դավութօղլուն նշել է, որ հիմնական նպատակը սահմանը բացելը չէ, այլ Կովկասում խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծումը։ Այս գործն, ըստ նրա, երեք «ոտք» ունի։

Առաջինը Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն են։ «Մենք Բաշար ալ-Ասադի հետ բարեկամ էինք, սակայն այժմ չեմ կարող Դամասկոս մեկնել այնպես, ինչպես եկա Երևան։ Անգամ բարևելն է այժմ դժվար»,-ասել է նա։

Երկրորդը հայ-ադրբեջանական հարաբերություններն են, որը «կարող ենք անգամ էթնիկ խաղաղության հաստատում կոչել»։ «Անգամ Վրաստանի ու Աբխազիայի հարաբերություններն այստեղ նշանակություն ունեն»,-ասել է Դավութօղլուն։

Իսկ երրորդը հայ և թուրք ժողովուրդների հարաբերություններն են, այսինքն՝ Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում, որտեղ էլ որ լինի թուրքերի և հայերի միջև առկա խնդիրների լուծումը։

«Երեք ոտքերից մեկը եթե վնասվի, խնդիրներ կառաջանան։ Ենթադրենք՝ սահմանը բացեցինք, վաղը եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվի, դարձյալ ստիպված կլինենք փակել»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Դավութօղլուն դարձյալ մեղադրել է հայկական սփյուռքին և նշել, որ արտերկիր այցերի ընթացքում ինքը միշտ փորձում է հանդիպել սփյուռքի ներկայացուցիչների հետ։ «Մենք զգացել ենք, որ եթե սփյուռքի հետ հիմք չի ստեղծվում, թուրք-հայկական հարաբերությունների վրա ճնշում է գործադրվում, և գործն առաջ չի գնում»,-ասել է նա։

 

Նույն շարքից