Հասարակություն 

ՀՀԿ-ն լքած Աննա Ստեփանյանը կարող է ազատվել պաշտոնից

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Լույս դաշինքի անդամ Անի Սամսոնյանը պահանջեց պաշտոնից ազատել Երևանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին:

Սամսոնյանը նշեց, որ իրենք դիմել են տնօրենի հավաստագիր ստանալու համար հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած քննությանը մասնակցած ուսուցիչներին: Լույսի ներկայացուցիչը հայտնեց, որ քննող հանձնաժողովի անդամներն Աննա Ստեփանյանի գլխավորությամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել մանկավարժների նկատմամբ և քննելուց առաջ նրանց ենթարկել են բարոյահոգեբանական ճնշումների. «Ես ունեմ փաստեր, որ մի քանի մանկավարժներ արտասվել են»:

Սամսոնյանը վստահեցնում է, որ հանձնաժողովի անդամները սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերել, իսկ տիկին Ստեփանյանը մտաբերել է բոլոր այն ուսուցիչներին, ովքեր թիվ 11 դպրոցում իրենց բողոքի ձայնն են արտահայտել նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի դեմ և որոշել կոպիտ, գռեհիկ պահվածքով, իր դիրքը չարաշահելով վրեժխնդիր լինել. «Տիկին Ստեփանյանը նաև հիշել է, որ նմանատիպ դեպք եղել է նաև 164 դպրոցի մասով և ցավեցրել է նաև այդ մանկավարժներին»:

Լույս դաշինքի անդամը հայտարարեց, որ Ստեփանյանը քաղաքական երանգավորումներ է մտցրել քննություններում. «Տիկին Աննա Ստեփանյանն իրավունք չունի աշխատելու հանրակրթության վարչությունում, նա իրավունք չունի նույնիսկ ամենափոքր հաստիքը զբաղեցնելու»:

Նույն շարքից