Իմ դեմ հարուցված Մարտի 1-ի քրեական գործի մասով նորություններ չկան։ Այս մասին Լենտայի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանի խոսքերով, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոս ամսին է հայտարարել, թե 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործը լիովին բացահայտվել է․ «Սակայն, որքանով ինձ է հայտնի, այդ իրադարձությունների արդյունքում 10 զոհերի վերաբերյալ քննչական մարմիններում որևէ բան պարզաբանված չէ։ Ինչ նկատի ուներ նա այդ հայտարարությունն անելուց, ես չգիտեմ: Չի կարելի խոսել այս քրեական գործի բացահայտման մասին, մինչև մարդկանց մահվան պատճառները հաստատված չեն»:
«Նախ, իմ դեմ հարուցված քրեական գործը կապված չէ 2008 թ. Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների հետ: Ինձ մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ: Բայց սա պատմության վերաշարադրման ակնհայտ փորձ է և նկարագրվում է բոլորովին այլ լույսի ներքո։ Ասում են, թե իբր եղել են խաղաղ ցուցարարներ, որոնց դեմ դուրս եկան ագրեսիվ ոստիկաններն ու զինվորականները: Իրականում նման բան չի եղել, պարզապես ուզում են քրեական գործը ներկայացնել այդ սխեմայով: Դա ենթադրում է շատ բաների կեղծում, տարբեր հարցերի պատասխանների լիարժեք բացակայություն։ Ո՞վ է վնաս հասցրել հարյուրից ավելի ոստիկանների, ո՞վ է գրեթե 100 մեքենա այրել, ո՞վ է թալանել խանութներ»,-հայտարարել է երկրորդ նախագահը։
Քոչարյանի պնդմամբ, համացանցում կա մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ցուցարարների կողմից ինքնաձիգ է գործածվել. «Բայց զարմանալի կերպով հետաքննությունը չունի այդ տեսաձայնագրությունը, թեև իրականում ես վստահ եմ, որ նրանք պարզապես չեն ուզում տեսնել այն: Այս կեղծված գործի նյութերը կազմակերպվում են, որպեսզի ամեն ինչ բերեն նախապես ընտրված սխեմայով: Վստահ եմ, որ մոտ ապագայում բոլորը, ովքեր դա անում են, պատասխան կտան օրենքի առաջ»: