Եվրամիությունն ուկրաինական ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին հրավեր Է ուղարկել՝ կոնսուլտացիաների համար ժամանել Բրյուսել:
Առաջարկվող ուղեւորության ժամանակը համընկնում Է դեկտեմբերի 19-20-ին կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովի հետ:
Ռադիոկայանի տվյալներով՝ այս քայլի նախաձեռնողը Գերմանիան Է: Ինչպես ճշտվում Է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Եվրամիության գագաթնաժողովի աշխատանքի շրջանակներից դուրս անձնական հանդիպում կանցկացնի Կլիչկոյի հետ»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ ԵՄ-ի դեկտեմբերյան գագաթնաժողովի օրակարգի հարցերի թվում են՝ Եվրամիության պաշտպանության եւ անվտանգության միասնական քաղաքականությունը, Էներգետիկական համագործակցության հարցերը եւ միության առջեւ ծառացած ընթացիկ տնտեսական խնդիրները:
Ավելի վաղ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերի եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն, ամփոփելով Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հետ նախօրյակին կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ Ուկրաինան եւ Եվրամիությունը պայմանավորվել են շարունակել բանակցությունները Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ: Ֆյուլեի խոսքով՝ Կիեւը եւ ԵՄ-ն «չեն քննարկել ասոցացման դեպքում ԵՄ-ի կողմից փոխհատուցումների կոնկրետ թվեր»: Միեւնույն ժամանակ Ֆյուլեն խոստացել է Կիեւին, որ ԵՄ-ին մերձենալու համեմատ «եվրոպական աջակցությունն ավելի ու ավելի կմեծանա»:
«Կարող եմ հավաստիացնել ուկրաինական ժողովրդին, որ բանակցությունները կշարունակվեն: Մենք չենք փոխում Ուկրաինայի եվրաինտեգրացման քաղաքականությունը: Եվրոպան իր կողմից Ուկրաինային հավաստիացրեց, որ եվրաինտեգրացման գործընթացը շահավետ կլինի Ուկրաինայի համար»,- իր հերթին ասել է Արբուզովը: «Մենք քննարկելու ենք արտաքին առեւտրի, ներդրումների, ապրանքափոխանակության հարցերը եւ ուրիշ շատ թեմաներ»,- ընդգծել է նա, նշելով, որ Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ ԵՄ-ի եւ Ուկրաինայի երկկողմ բանակցությունները կավարտվեն ամենակարճ ժամկետում: