Հասարակություն 

Վիրավոր զինվորի մոր բաց նամակը

Վիրավոր զինվորի մայր Արմինե Ղազարյանի բաց նամակը.

«Արմեն Մուրադյանն առաջին օրվանից հարազատ եղբոր, հոր պես կանգնած է եղել մեր ընտանիքի կողքին: Մինչ բոլոր պաշտոնյաներն ասում էին, որ օրենքն իրենց թույլ չի տալիս օգնել մեզ, այս մարդն ուղիղ 2 տարի պահեց մեզ: Ջնջեց բոլոր օրենքներն ու օգնեց: Այն ամենն ինչ ինքն է արել իմ և իմ նման հարյուրավոր մայրերի համար միայն մենք գիտենք: Ամեն գործ թողում ու գալիս էր մեզ մոտ, երբ ասում էին, որ Ալբերտը լավ չէ: Զրուցում էր, ուժ տալիս:

Այսօր առողջապահության նախարարի ասուլիսը տեսա: Նախարար, որ բացի գրավոր մերժումից որևէ այլ բան չի արել տղայիս ու իր նման հարյուրավոր տղաների համար: Մինչ Ալբերտն անվճար սովորում էր տնտեսագիտական համալսարանում: Դիմում գրեց, կամավոր տարկետում վերցրեց ու եկավ պաշտպանելու հայրենիքը:

Այսօր նախարար համարվող այս մարդն անգամ դեղորայքի հարցը չի օգնում լուծենք ու իր ասուլիսի ժամանակ առանց խորանալու ասում է, մենք չենք տրամադրում դեղորայք: Մենք ամուր կանգնած ենք Արմեն Մուրադյանի կողքին, ինչպես ինքը մեր կողքին: Նաև նշեմ, որ երբ մեր տղաներն ուզում էին ցույց անել կամ բողոքել իր համար վարչապետին, ամիսներ շարունակ Արմեն Մուրադյանն էր զսպում, ասելով որ նոր նշանակված մարդ է, ժամանակ է պետք, որ մարդը կարողանա հարցերը կարգավորել:

Այժմ ինքս էլ պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր նախարարությունների մեջ ամենաիներտ նախարարությունն է, որը ոչ մի կաթիլ սրտացավություն կամ պատասխանատվություն չի զգում մեր վիրավոր տղաների համար:

Հարգելի պարոն Թորոսյան, քանի անգամ եք ինձ ընդունել, քանի անգամ եք Ալբերտիս հարցով զբաղվել: Տեղյակ եք, որ մենք կանք, ամեն օր դեղի գումար եմ մուրում, որ պարզապես տղաս ապրի:

Այսօր խոսում էիք ինքնավստահ, մեղադրանքներ էինք հնչեցնում, եկեք զբաղվեք որդուս խնդիրներով, կարող եմ հրապարակել նամակաները, որոնք չոր ու ցամաք մերժել եք: Որոշել ենք, ասուլիս ենք անելու ծնողներով, որ խնդրենք ձեզ զբաղվեք մեր հերոս տղաների առողջական խնդիրներով, որ հանկարծ ձեր զբաղված օրակարգի պատճառով ճակատագրական հետևանքներ չգրանցվեն:

Ի դեպ, որևէ նախարարի պաշտոնավարման ընթացքում նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր չի գրանցվել»։

Նույն շարքից