Նախախորհրդարան նախաձեռնությունը հայտարարեց, որ մեկամյա գործունեությունից հետո անցնում է գործողությունների հաջորդ փուլին. ստեղծում են հիմնադիր խորհրդարան, որը բաղկացած կլինի 65 անդամից։
Տարվա ամփոփմանը նախաձեռնության քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իրենք այն քաղաքական միավորն են, որը չի սպասելու մինչև 2018-ը՝ նախագահական հաջորդ ընտրությունը։ «Այս որոշումը մեր կամայական որոշումը չէ, մենք համոզված ենք, որ ժողովուրդը մինչև 2018-ը դիմանալու ռեսուրս չունի։ Ուզում եմ շեշտել, որ մենք սպասողը չենք»,- ասաց նա։
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե իրենք այս ամենին զուգահեռ չեն բացառում այլ քաղաքական ուժերի ու քաղաքացիական միավորումների հետ համագործակցությունը։
«Կհորդորեինք քաղաքական և քաղաքացիական այն ակտիվ շրջանակներին, որոնք պատրաստվում են 2017-18թթ-ին, մեր առաջարկած գործողության տրամաբանությունից հեռու չմնալ։ Մենք չենք ասում, որ դուրս եկեք ձեր պայքարի տրամաբանությունից և միացեք մեզ, այլ ասում ենք, որ հնարավոր է «և,և» տարբերակ գտնել։ Սա ասում ենք, որովհետև գիտակցում ենք, որ պատկերացրած ընթացքը պետք է հիմնավորումներով լինի»,- ասաց նա և հույս հայտնեց, որ իրենց, ի վերջո, կհաջողվի ձևավորել մի այնպիսի «պրոտոկոլ, որտեղ կհավաքվեն ազնիվ պայքարողները»։
Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրեց այսօրվա պայքարի հանգրվանը։ «Մենք գտնվում ենք հիմնադիր խորհրդարանի ձևավորման շեմին։ Մարտավարությունը տարբերվում է բոլորից նրանով, որ գնալու ենք փոփոխության՝ թեկուզ սաղմնային չափով փոխարինող ունենալու համար, դրանից հետո արդեն գիտակցում ենք, որ հաջորդը միայն ու միայն համակարգային փոփոխությունն է»,- ասաց նա։
Քարտուղարության անդամը տեղեկացրեց, որ վաղվանից՝ դեկտեմբերի 14-ից, իրենք սկսում են ամենշաբաթյա երթեր, որի միջոցով կփորձեն «համակարգի կողմից իրենց նկատմամբ բլոկադան ճեղքել՝ իրազեկելով քաղաքացիներին իրենց գոյության մասին»։