ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան զենքի վաճառքի հարցը չի քննարկվել: Այս մասին «Эхо Москвы»-ի եթերում հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը. «Շատ աղմուկ բարձրացավ: Իսկ իրականությունն այն է, որ Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ զենքի վաճառքի հարցը չի քննարկվել, այն չի եղել բանակցությունների թեմա»:
Դեսպանը նշել է, որ Բոլթոնն ասուլիսի ժամանակ խոսել է այն արգելքների չեղյալ համարելու մասին, որոնք Կոնգրեսը հաստատել է զենքի վաճառքի մասով՝ միևնույն ժամանակ կրկնելով, որ զենքի հարցը չի քննարկվել Բոլթոնի հետ. «Վարչապետն ավելի ուշ հայտարարեց, որ նման առաջարկ լինելու դեպքում այն կքննակվի, սակայն առաջարկ չի եղել»:
Դեսպան Տողանյանը նաև նշել է, որ զենքի հարցում չպետք է մոռանալ այն ռազմատեխնիկական իրականությունը, որը կա և որն անմիջական ազդեցություն ունի զենքի շուկայի վրա. «Մենք այդ մասով շատ ակտիվ համագործակցում ենք Ռուսաստանի հետ: Մեր զինված ուժերը, այդ թվում նաև սպայական կազմը սովոր է ռուսական զենքին, և մենք ունենք համապատասխան պայմաններ: Մենք ունենք հնարավորություն զենք գնել Ռուսաստանից ներշուկայական գներով»,-ասել է դեսպան Տողանյանը՝ հավելելով, որ սրանով պայմանավորված ԱՄՆ-ից զենք գնելը կարող է տնտեսապես շահավետ չլինի Հայաստանի համար: