ԵԼՔ-ի և «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունները, ինչպես նաև Հանրապետական կուսակցության պատգամավորների մի մասը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Սա վարչապետ ընտրելու կամ՝ չընտրելու արդեն երկրորդ փորձն է, որը ֆորմալ բնույթ է կրում: Եթե այս անգամ էլ վարչապետի ընտրություն տեղի չունենա, Ազգային ժողովն արձակվելու է և դեկտեմբերին կայանալու է արտահերթ խորհրդարանական ընտրություն՝ ամենայն հավանականությամբ՝ գործող ԸՕ-ով, քանի որ նոր ԸՕ-ի ընդունումը երեկ` հոկտեմբերի 29-ին, 1 ձայնի պատճառով տապալվեց:
Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ առաջին փուլի ժամանակ չի հասցրել խոսել այն ամենի մասին, ինչի մասին կցանկանար՝ նկատի ունենալով տնտեսական հարցերը՝ նշելով, որ այդ մասին խոսելու համար հնարավոր է երկրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրի: