Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ում ընտրելու ի՞նչ իրավունքներ ունեն ներկա ու նախկին բանտարկյալները

Միացյալ Նահանգներն այսօր ունի նախկինում դատված այնքան մեծ թվով քաղաքացիներ, ինչպիսին չի ունեցել իր ամբողջ պատմության ընթացքում՝ 6 միլիոն 100 հազար տղամարդ ու կին: Իսկ թե ինչ իրավունքներ նրանք ունեն երկրում անցկացվող ընտրություններում մասնակցելու գործում, տարբերվում են նահանգ առ նահանգ:

ԱՄՆ-ի երկու նահանգներում՝ Վերմոնթում և Մեյնում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նույնիսկ ազատազրկման մեջ գտնվող անձինք: Այստեղ իր պատիժը կրող Դեն Քլոզը կարծում է, որ թմրանյութի անօրինական առևտրով զբաղվելու հանգամանքն իրեն ու իր նմաններին չպիտի զրկի ընտրելու իրավունքից:

Երկրի տասնչորս այլ նահանգներում պատիժը կրելուց և ազատ արձակվելուց հետո անմիջապես վերականգնվում է նախկին կալանավորների ընտրելու իրավունքը:

Սակայն մյուս նահանգներում պատկերն այլ է: Օրինակ Ֆլորիդայում թմրանյութերի անօրիանական առևտրի համար դատապարտված Իրաիդա Գուանիպան ազատ արձակվելուց մի քանի տարի անց անգամ չի կարող մասնակցել ընտրություններին:

ԱՄՆ-ում ընտրելու իրավունքից նրա նման զրկված ևս 4 միլիոն 700 հազար մարդ կա: Եվ նա մեկն է այն յոթ նախկին հանցագործներից, որոնք այսօր դատական գործեր են հարուցել ընդդեմ Ֆլորիդա նահանգի՝ իրենց նկատմամբ կամայական գործընթացները դադարեցնելու պահանջով: Այս գործով դատարանի որոշումը կարող է իր ազդեցությունը գործել Ֆլորիդայի մեկ և կես միլիոն ընտրողների ձայների վրա, որտեղ մեծամասնությունը պաշտպանում է արդեն ազատության մեջ գտնվող նախկին ազատազրկվածների ընտրելու իրավունքը վերակագնելու պահանջը:

Իսկ Վերմոնթ նահանգի բանտերից մեկում իր պատիժը կրող Քլոզը պատրաստվում է մասնակցել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, ու կարծում է, որ իր ձայնը ևս կարող է ունենալ վճռական նշանակություն: Իրավունք ու հնարավորություն, որի համար, ասում է նա, հարկավոր է պայքարել:

Ամերիկայի ձայն

Նույն շարքից