Առողջապահություն Հասարակություն 

Բերդ-Տավուշ ավտոճանապարհին վթարից տուժած 3 երեխայի վիճակը հաջողվել է կայունացնել

analitik.am

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:36-ին Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածներն ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և տեղափոխվել Բերդի բժշկական կենտրոն: Վարորդներից մեկը Բերդի ԲԿ-ում մահացել է:

Տուժած ուղևորների (որոնցից երկու երեխայի վիճակը՝ ծանր) հրատապ մայրաքաղաք տեղափոխման հարցերը լուծելու նպատակով առողջապահության նախարարության կողմից անմիջապես կազմակերպվել է «Սուրբ Աստվածամայր» և «Արաբկիր» բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադների աշխատանքը՝ Բերդից տուժածներին ռեանիմոբիլներով հասցնելով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:

«Սուրբ Աստվածամայր» կենտրոնի մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման և հրատապ քայլերի արդյունքում ծանր վիճակում գտնվող 2 և միջին ծանրության 1 երեխայի առողջական վիճակն այժմ գնահատվում է կայուն:

Երեխաների մայրը բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել պատահարից տուժածների վիճակը:

Նույն շարքից