Առողջապահություն Հասարակություն 

Արսեն Թորոսյանը մտահոգություն է հայտնել ծխախոտային որոշ արտադրանքների ագրեսիվ ներկայացման և քողարկված գովազդի առնչությամբ

analitik.am

Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված նոր օրենքը նախատեսում ենք ներկայացնել արդեն նոր խորհրդարանի հաստատմանը եկող տարի: Ամեն դեպքում դրանից հետքայլ չկա` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի` Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերի եւ ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի հետ հանդիպման ժամանակ շեշտել է  առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Քրիստինա Մաուեր-Ստենդերը շեշտել է, որ ԱՀԿ-ն պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել առողջապահության նախարարությանը` ծխախոտի դեմ պայքարի ուժեղ քաղաքականության մշակման գործում: Լիարժեք աջակցության պատրաստակամության մասին ավելի վաղ հավաստիացրել էր նաև ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը` ՀՀ վարչապետին և առողջապահության նախարարությանն ուղղված իր նամակում:

Ողջունելով Հայաստանի որդեգրած մոտեցումը` Մաուեր-Ստենդերը մանրամասնել է, որ ԱՀԿ-ն պատրաստ է ապահովել տեխնիկական աջակցություն Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի մասին նոր օրինագծի ընդունման համար, փորձի փոխանակման հնարավորություն ստեղծել այս առումով դրական արդյունքներ ունեցող մի շարք երկրների, մասնավորապես, Իռլանդիայի, Ուկրաինայի հետ, խթանել  Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի մասին ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի իրագործումը և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերել նաև համատեղ իրազեկման քայլեր ձեռնարկել:

Արսեն Թորոսյանն իր հերթին մտահոգություն է հայտնել ծխախոտային որոշ արտադրանքների ագրեսիվ ներկայացման և քողարկված գովազդի առնչությամբ` շեշտելով, որ ընդունվելիք օրենքը կարգավորումներ է ենթադրում նաև դրանց գրանցման, գովազդի արգելքի և հարկման մեխանիզմների փոփոխության առումով:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև եկող տարեսկզբին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբի` Հայաստան այցի կազմակերպմանն առնչվող հարցեր: Նախարարի պաշտոնակատարի հրավերով սպասվելիք այցի ընթացքում նախատեսվում է քննարկման դնել առողջապահական հարցերի լայն շրջանակ:

 

Նույն շարքից