ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանն արձագանքել է «Անիի համայնքապետի 34 հազար դոլարանոց շնորհակալությունը ՀՀԿ-ական պատգամավորին» և «Ժամանակ» օրաթերթում 30.10.2018թ. «Քավորին» վերնագրերով հրապարակված հոդվածներին` դրանք անվանելով սադրանք.
Նախ ասեմ, որ այս ամենը մտնում է մարդկանց վարկաբեկելու, զրպարտելու, ամենաստոր ստերը հնարելու և տարածելու քաղաքական տրամաբանության մեջ: Սա ուղղված է Անիի համայնքային ղեկավարի դեմ: Տևական ժամանակ է, որոշ մամուլի միջոցներ Արտակ Գևորգյանի դեմ քարոզչական տարբեր հնարքներ են օգտագործում՝ նրան վարկաբեկելու, համայնքի բնակչության շրջանում նրան արժանապատվությունը ոտնահարելու համար: Տևական ժամանակ նրա դեմ ցույցեր են կազմակերպվում, որոնց մասնակիցների թիվը 60-ից չի անցնում: Դա նշանակում է, որ Ա.Գևորգյանն իր համայնքում հեղինակություն ունի, և մարդիկ հրապարակված և տարածված ստերին չեն հավատում:
Կարծում եմ, այս ստին ևս չեն հավատա: Ինչ վերաբերում է մեքենային, ապա այն ձեռք է բերվել ամերիկյան աճուրդից և շատ ավելի վաղ, քան ստեղծվել է Անի խոշորացված համայնքը, կամ այդ համայնքում ընտրություններ են տեղի ունեցել:
Գործարքի ողջ ֆինանսական շարժը պատշաճ կերպով արտացոլված է իմ հայտարարագրերի մեջ:
Այդ հրապարակմամբ փորձ է արվել վարկաբեկել ու զրպարտել նաև ինձ: «Առաջին լրատվականի» լրագրողի աշխատանքն ավելի կգնահատվեր և մասնագիտական տեսանկյունից պրոֆեսիոնալ կլիներ, եթե հրապարակելուց առաջ ստացած «տեղեկության» վերաբերյալ փորձ արվեր մեկնաբանություն ստանալ ինձանից կամ Ա.Գևորգյանից, ինչը չի արվել: Այդ առումով լրագրողը չի ապահովել բազմակողմանի լուսաբանելու և տեղեկատվությունը ճշտելու սկզբունքները:
Եվ ես ՀՀ օրենսդրությանը համապատասխան պահանջում եմ այս հերքումը տեղադրել 1in.am կայքում, անհրաժեշտ ժամանակ պահել այն նույն էջում կամ դիրքում, որտեղ հրապարակվել է այդ հոդվածը, ինչպես նաև հրապարակել «Ժամանակ» օրաթերթում, այլապես ես կդիմեմ դատարան, քանի որ հրապարակված նյութերն անհիմն ու մտացածին են:
Մեքենայի ձեռքբերման փաստաթղթերի ժամկետները վկայում են, որ այդ հոդվածը հիմնված է միայն բամբասանքների վրա և նպատակային հակաքարոզչության արդյունք է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյան