Բարի օր Հասարակություն Հարցազրույց Ռազմական 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ ԱՄՆ-ից զենք գնելու և Բոլթոնի հայտարարության մասին

analitik.am

Բոլթոնի Հայաստան այցից հետո  քննարկվում է ՀՀ-ի կողմից ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը: Այս թեմայի շուրջ Analitik.am-ը զրուցեց Ռազմինֆո  մասնագիտացված կայքի համակարգող  Կարեն Վրթանեսյանի հետ:

Պարոն Վրթանեսյան, ի՞նչ գիտենք մենք առհասարակ ամերիկյան զենքերի մասին, ի՞նչ տարբերություններ կան ռուսական և ամերիկյան զենքերի միջև:

Ավելի ճիշտ է միանգամից խոսել  ՆԱՏՕ-յի ստանդարտներով զենքից, որը ոչ միայն ամերիկյան է, այլ նաև ֆրանսիական, գերմանական և այլն: Կան նաև համատեղ ծրագրեր, օրինակ՝ ամերիկյան F35 կործանիչներն իրենց հայտնի ծրագրերից է, բայց կործանիչի արտադրմանն ու մշակմանը մասնակցում են բազմաթիվ երկրներ, թեպետ, դա համարվում է ամերիկյան: Նախ ստանդարտների տարբերության հարց կա, եթե պայմանական վերցնենք ամերիկյան X և ռուսական Y զենքը, դրանց ոչ միայն պետք է նայել իրենց առանձին հատկություններով, այլ ամբողջ ենթակառուցվածքով: Թե՛ ԽՍՀՄ-ում և թե՛ ԱՄՆ-ում եղել են դեպքեր, երբ ավելի լավ պարամետրերով զենք է առաջարկվել, այնուամենայնիվ, հաշվել և տեսել են, որ այդ զինատեսակի համար նոր ենթակառուցվածքի անցնելն ավելի թանկ է արժենում, քան պայմանական ինչ-որ բան արտադրելու գինը և այդ ամբողջ ենթակառուցվածքը պահելը՝ դրանք բավականին լուրջ ծախսեր են: Եթե անգամ ամերիկյան զենքերը հավասար պայմաներում ավելի լավն են, քան ռուսականը, միևնույն է, կա  այդ ենթակառուցվածքի փոփոխության հարցը: Այս թեման բացվեց Բոլթոնի մի քիչ անհասկանալի, մի քիչ էլ զավեշտալի հայտարարությունից հետո, որտեղ նա խոսեց ամերիկյան զենքերի ավելի լավը լինելու մասին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտեքստում, իր ասածից ստացվում է, որ ռուսական զենքով չկարողացաք խաղաղ կարգավորել, գուցե ամերիկյան զենքն ավելի լավն է խաղաղ կարգավորման համար, ինչը, մեղմ ասած, աբսուրդային է հնչում ու, ըստ էության, այդ թեմայով շատ խոսվեց վերջին օրերին: Պետք է հասկանալ այն, որ Բոլթոնը զենքի գնման առաջարկ չի արել, դա ընդամենը հպանցիկ ակնարկ էր, որը տարբեր ձևերով կարելի է մեկնաբանել, բայց թե ինչ նա նկատի ուներ, դժվար է ասել: Կան որոշ զինատեսակներ, որոնց ամերիկյան տարբերակն ունենալը վատ չէր լինի՝ անօդաչուների ոլորտում, բայց ԱՄՆ-ն այդպիսի նորագույն տեխնիկա հաճախ նույնիսկ իր դաշնակից պետություններին չի վաճառում, և Բոլթոնի հայտարարության այդ մասն էլ է «օդում կրակած»:

ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ մի քիչ  վատացել է, և չնայած առկա պայմանագրերի, ԱՄՆ-ն արդեն հարցականի տակ է դնում Թուրքիային F35 զինատեսակի մատակարարման հարցը: Նույնիսկ, եթե ՀՀ-ն այդպիսի սպառազինություն գնելու գումար ունենա, որևէ երաշխիք չկա, որ ԱՄՆ-ն մեզ կվաճառի այն զենքը, որը մեզ հետաքրքրում է: Նույն ձև էլ խոսում են՝ բա ի՞նչ կլինի, որ Ադրբեջանը գնի այդ զենքերը, ասեմ, որ այնպես չէ, որ Ադրբեջանի համար էլ են զենքերն այդ գնով ընդունելի, որովհետև Ադրբեջանն էլ ունի բավականին ֆինանսական խնդիրներ, չնայած նրանց ֆինանսական հնարավորություններն ավելի մեծ են, քան ՀՀ-ինը, բայց դժվար նրանք ցանկություն ունենան լիովին անցնել ՆԱՏՕ-յի ստանդարտներին: Ասեմ ավելին՝ ՆԱՏՕ-յի անդամ երկրներից շատերում  մինչև հիմա օգտագործվում է հին սովետական զենք:

-Ակնհայտ է, որ ամերիկյան զենքերը, սպասարկումն ու պահեստամասերն ավելի թանկ են, քան ռուսականը, այդ դեպքում ինչքանո՞վ է ՀՀ-ին անհրաժեշտ ԱՄՆ-ից զենք ձեռք բերել և կարելի՞ է դա համարել ՀՀ-ի շահերից  բխող այլընտրանքային տարբերակ:

-Բացի նրանից, որ ավելի թանկ են, կարելի է սովետական ստանդարտի զենքը 3-րդ երկրից գնել ավելի հեշտ տարբերակով, քան ՆԱՏՕ-յի ստանդարտի զենքերը: Ինչ-որ պահեստամասի փոփոխված տարբերակ շատ հանգիստ կարելի գնել Չինաստանից կամ աֆրիկյան երկրից, իսկ ՆԱՏՕ-յի զենքերի դեպքում դա ավելի բարդ է: Անշուշտ, մեր շահերից բխում է, որ մենք ունենանք բազմաթիվ այլընտրանքներ, ուղղակի մեր դեպքում դա ավելի տրամաբանական կլինի, որ փնտրենք Չինաստանում կամ գուցե Լեհական տարբերակում: Սա պայմանական եմ ասում, որովհետև շատ բան կախված է նրանից, թե որ զինատեսակը որ երկրում է:

Կա՞ այնպիսի զենք, որը մենք գնում ենք ՌԴ-ից, սակայն նույնն ԱՄՆ-ից գնելու դեպքում առավելություն կունենանք:

Առաջինը, որ մտքիս եկավ, անօդաչուներն են, բայց նաև շատ լուրջ գնի հարց կա և համոզված չեմ, որ Հայաստանն ի վիճակի է այդպիսի գումարներ ծախսել: Կամ գուցե կարող է ծախսել, բայց համոզված եմ, որ շատ ավելի ռացիոնալ ձևով և ավելի առաջնահերթ ու կարևոր խնդիրներ լուծելու համար:

Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն Հայաստանին զենք չվաճառի, բայց Ադրբեջանին վաճառի:

Հնարավոր է այդպիսի տարբերակ, որ ԱՄՆ-ն զենք վաճառի Ադրբեջանին, բայց մեզ ոչ: Ասեմ ավելին՝ ԱՄՆ-ն բավականին լուրջ ռազմական օգնություն է տվել Ադրբեջանին՝ մոտ 100 մլն դոլարից ավել, պատրաստել են հատուկ ջոկատայիններ, տվել են նաև որոշ սպառազինություններ: Եվ նույն իրենց պատրաստած հատուկ ջոկատայինները մեր դեմ են կռվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Երբ, որ ԱՄՆ-ին դա պետք է եղել, իրենք դա արել են առանց մեզ հարցնելու և մեր վրա նայելու:

-Ի վերջո, Բոլթոնի արած  հայտարարությունն, ըստ Ձեզ,  ո՞ւմ էր ուղղված՝ Ավելի շատ Հայաստանին, թե Ռուսաստանի՞ն: Եվ արդյոք իմաստ ունի այդ հայտարարությանը որևէ լուրջ նշանակություն տալ:

Դա կարող ենք դիտարկել որպես ուղերձ Ռուսաստանին, կարող են դիտարկել նաև այնպես, որ Բոլթոնը չկարողացավ իր միտքը ճիշտ արտահայտել: Ճիշտն ասած, մի նախադասությամբ  ու մի ֆրազայով կամ մի հայտարարությամբ պետք չի լուրջ դատողություններ անել,  առավել ևս այնպես չէ, որ Բոլթոնն աչքի է ընկնում իր խորաթափանց հայտարարություններով՝ նախկինում էլ է հիմար հայտարարություններ արել՝ Իրաքում պատերազմի վերաբերյալ: Ես այդ աստիճան չէի խորանա նրա ասածների մեջ, գուցե դա ավելի լուրջ պաշտոնյա հայտարարեր և այդ դեպքում ավելի լուրջ քննարկման անհրաժեշտություն լիներ:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից