Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանի կարծիքով՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Հայաստան կատարած այցով նախևառաջ նպատակ ուներ մեղմացնել Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Թուրքիայի վրա կիրառվող ճնշումները:
«Երկրորդ՝ սա հղում էր միջազգային հանրությանը, որ եթե ճանաչեն Ցեղասպանությունը, ապա կխոչընդոտեն հայ-թուրքական հարաբերություններին: Մեսիջ էր նաև տարածաշրջանին, որ Թուրքիան չի պատրաստվում թուլացնել ազդեցությունն այնտեղ: Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ Կովկասից, և սա կարծես պատասխան էր Պուտինին, որ Թուրքիան նույնպես չի պատրաստվում հեռանալ»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա: Իսկ Արցախի շուրջ Դավութօղլուի հայտարարությունը խոսում էր այն մասին, որ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության հետ կապված հայտարարությանը, Գևորգ Մելքոնյանը նկատեց՝ հայտարարության մեջ ասված էր, որ գերմանահրեական հարաբերությունները չեն կարող օրինակ լինել հայ-թուրքական հարաբերությունների հետ. «Այո, դրանք բավականին տարբերվում են իրարից, հետևաբար այսօր Թուրքիայի կողմից միայն ներողություն խնդրելը բավարար չէ»:
Իսկ թուրք պաշտոնյայի կողմից արված արտահայտությունը, թե 1915թ.-ին տեղի ունեցած տեղահանությունը համարում է անմարդկային, խորամանկ քաղաքականություն է: «Նա նախ չասաց, որ դա համարում է ցեղասպանություն, կոտորած: Սա խորամանկ քաղաքականություն է և նշանակում է, որ Թուրքիան անգամ չի ուզում ընդունել, որ եղել են կոտորածներ»,- ասաց Գևորգ Մելքոնյանը:
Վերջինս նաև նշեց, որ այցի առթիվ Երևանում անցկացված բողոքի ակցիայի մասնակիցները կնախընտրեր լինեին ավելի շատ. «Չեմ կարող ասել, թե մյուսներն ինչու չմասնակցեցին, բայց ՀՅԴ-ի նախաձեռնությունը շատ եմ ողջունում»:
Սկզբնաղբյոուրը՝ tert.am