Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է,՝Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես և կանխատեսում էին իրենք, եկավ, շոուն արեց ու փառք ու պատվով գնաց: Եվ հենց այդ շոուի մասին էր խոսում նաև այն, որ նա Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո խոսեց միայն թուրքական լրատվամիջոցների համար:
«Դավութօղլուն հասավ նրան, ինչին ուզում էր, նա գնաց ստուգման, թե ինչպես է այսօր դա ընկալում միջազգային հանրությունը: Նա հստակորեն ցույց տվեց, որ այսուհետ արդեն հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի հետ քննարկում պետք է լինի»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Բանախոսի ներկայացմամբ՝ Դավութօղլուն չկիրառեց Ղարաբաղ տերմինը, բայց շատ ծավալուն խոսեց տարածաշրջանի անվտանգության մասին:
«Ցավոք սրտի, այսօր Դավութօղլուն շատ շահեկան վիճակում է: Մեր արտգործնախարարը հղեց մեսիջը, որ պատրաստ են առանց նախապայմանների բանակցել։ Բայց միջազգային լրահոսում հիմնականում գովեստներն ու ծափահարություններն ուղղված էին Դավութօղլուին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախարարների հանդիպումը եղավ դռնփակ, և վախ կա, թե ում հավատալ. «Մենք, իրոք, հպարտություն կզգայինք, եթե տեսնեինք, որ հանդիպման ժամանակ մեր նախարարն իրոք քննադատաբար է մոտենում Դավութօղլուին»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, բանախոսը նկատեց, որ Հայաստանում չեն նախապատրաստվել սահմանների բացմանը: «Մենք հիմնականում նախաձեռնող չենք, սպասում ենք, որ բացվի Աղթամարը, հետո տեսնենք, թե ինչպես ենք արձագանքում: Մենք պետք է սցենարներ ունենանք, մենք, ցավոք սրտի, միայն արձագանքում ենք, իսկ արձագանքողը միշտ մի քայլ հետ է մնում»,- ասաց նա:
Սկզբնաղբյուր՝ tert.am