1970 թվականից ի վեր մարդկությունը ոչնչացրել է կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների 60 տոկոսը, այս մասին հաղորդում է The Guardian-ը, վկայակոչելով բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցը:
WWF-ի կողմից Լոնդոնի կենդանաբանական ընկերության հետ համատեղ պատրաստված «Կենդանի մոլորակի» ինդեքսը ցույց է տալիս, որ 1970 թվականից մինչև 2014 թվականը մոլորակը կորցրել է կենդանի տեսակների 60 տոկոսը, չորս տարի առաջ այս ցուցանիշը կազմել է 52 տոկոս:
Բնության համար հիմնական վտանգ է ներկայացնում գյուղատնտեսական կարիքների համար բնական միջավայրի ոչնչացումը: Նշվում է, որ ներկայումս ցամաքի երեք քարորդն այսպես թե այնպես օգտագործվել է մարդու կողմից: Մեկ այլ խնդիր է կենդանիների ոչնչացումը սննդի համար: Իսկ որսորդության արդյունքում անհետացել է առնվազն 300 կենդանատեսակ: Հատկանշական է նաև այն, որ օվկիանոսներն, ընդհակառակը, լի են ձկներով, բայց դրանց կեսն աճեցվում է արհեստականորեն:
Միևնույն ժամանակ, մարդկանց կողմից բնության մեջ ավելանում են ագրեսիվ կենդանատեսակները՝ տարբեր տարածաշրջաններում, ինչպես նաև մարդկանց կողմից ակտիվորեն վաճառվում են կենդանիներ՝ այդպիսով նպաստելով տարբեր հիվանդությունների տարածմանը:
Ըստ զեկույցի, ամենաանմխիթար վիճակը ներկայումս տիրում է Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, որտեղ անտառները 89 տոկոսով ոչնչացվել են։
Մոլորակի ռեսուրսների մշտապես աճի սպառումը ոչնչացնում է միլիարդավոր տարիների ընթացքում ձևավորված այնպիսի միջավայր, որից կախված է մաքուր օդն ու ջուրը, որն անչափ կաևոր է և անհրաժեշտ մարդկության համար: Ամենից շատ վնասվում են գետերը և լճերը, որտեղ վայրի տեսակները 38 տոկոսով կրճատվել են՝ գյուղատնտեսության մեջ աղտոտված ջրի օգտագործման և ջրամբարների կառուցման պատճառով:
Փորձագետների կարծիքով, այժմ աշխարհում սկսվել է զանգվածային ոչնչացման վեցերորդ ալիքը, ինչը չափազանց վտանգավոր է երկիր մոլորակի համար։
Հետազոտողների խոսքերով, քաղաքակրթության ամբողջ պատմության մեջ ոչնչացել է բույսերի մի մասը, և եթե այսօր տարբեր տեսակների ոչնչացումը դադարեցվի, միևնույնն է բնությունը պետք է վերականգնվի առնվազն 5-7 միլիոն տարի։