Ղեկավար պաշտոններն ավանդաբար համարվում են տղամարդկանց հայրենակալվածքները: Դա հատկապես վերաբերում է քաղաքականությանը: Բացառությամբ առանձին պատմական անձանց՝ մինչև ХХ դարը կանայք չէին կարող անմիջական մասնակցություն ունենալ քաղաքականության մեջ: Դա նրանք կարող էին անել միայն անուղղակի ձևով` իրենց համար գտնելով համապատասխան ամուսին կամ կազմակերպելով սոցիալական շարժում :
Որոշ ուշացումով գենդերային դերերի փոփոխման գործընթացն ընթանում է նաև քաղաքական ոլորտում: ХХ-րդ դարում բազմաթիվ երկրներում ընդունվեցին օրենքներ, որոնք կանանց տվեցին ձայնի և ընտրվելու իրավունք: Որոշ երկրներում կանայք դարձան պետությունների ղեկավարներ, իսկ վերջին ժամանակներս որոշ երկրներում խրախուսվում է կանանց ծավալուն ներգրավվածությունը քաղաքականության բնագավառում՝ կրթական քաղաքականության, քվոթայացման և այլ միջոցներով:
Խոսելով հիմնականում քաղաքականության մեջ կանանց ներգրավման մասին՝ ուշադրության է արժանանում խորհրդարանը: Հայաստանի խորհրդարանում այժմ 131 պատգամավորների թվում կան ընդամենը 11 կին, այսինքն` 9%-ից քիչ ավել:
Խորհրդարանում կանանց ներկայացուցչության համաշխարհային միջին ցուցանիշը կազմում է բոլոր պատգամավորների 18%-ը: Այդ ցուցանիշը զգալիորեն տարբերվում է տարբեր երկրներում. եթե որոշ երկրների խորհրդարաններում կին պատգամավորներ չկան, ապա 2 երկրներում (Անդորրա և Ռուանդա) նրանք կեսից շատ են:
Հետաքրքիր են նաև այլ ցուցանիշները, ասենք՝ աշխարհում 20 նախարարից միայն 3-ն են կին: Բերենք մեկ այլ օրինակ: Ֆինլանդիայի կառավարությունը բաղկացած է հիմնականում կանանցից, իսկ Քաթարի կառավարությունում կանայք չկան: Հայաստանում 18 նախարարներից 2-ը կին են, ընդ որում, նրանք 2-ն էլ զբաղվում են սոցիալական և մշակութային հարցերով (Մշակույթի և Սփյուռքի հարցերի նախարարություններ), և համաձայն հարկային հայտարարագրերի՝ նրանց եկամուտը միջինում ավելի ցածր է, քան իրենց գործընկերներինը:
Հարկ է նշել, որ Հայաստանում առավել հաճախ կանանց հայտնվելը լրատվամիջոցներում, պայմանավորված է նրանց զբաղեցրած պաշտոնով: Կանանց կերպարների քանակական և որակական ներկայացվածությունը լրատվամիջոցներում, երկրի հասարակական-քաղաքական համակարգին բնորոշ գենդերային անհավասարակշռության անմիջական արտացոլումն է: Ակնհայտ է հետևյալը, որ լրատվամիջոցներն են իրենց փոխարեն որոշում, թե ինչ մտածեն, ինչ անեն, ինչպիսին լինեն, ինչը պաշտեն ու ատեն, ինչի ձգտեն։ լրատվամիջոցն է ձևավորում հասարակության խաղի կանոնները։ Մեդիայի թողած ազդեցությունից ոչ ոք չի կարող խուսափել, քանի որ մարդը դառնում է այն, ինչ ամեն օր տեսնում է։ Մեդիան ամեն օր ձևավորում, կարծրացնում է կնոջ կերպար՝ տնային տնտեսուհի, խոհանոցի տիրուհի, երեխաների պատասխանատու:
Կարելի է փաստել, որ մեր ժամանակներում գովազդների, սերիալների ու հեռուստահաղորդումների մեծ մասը ողողված է որոշակի առաքելությամբ կամ մեսիջով, այն է՝ հայ կնոջ գլուխը միշտ կախ պետք է լինի,, որոշում կայացնելու իրավունքն միշտ պատկանում է տղամարդուն: Սրանից կարելի է եզրակացնել, որ հայաստանյան ԶԼՄ-ում գենդերային անհավասարությունն առավել խորը արտահայտություն է գտնում, քան այն դրսևորված է հայ իրականության մեջ, ինչն էլ իր հերթին ձևավորում է հայ կանանց ոչ կարծրատիպային կերպարներ:
Վարդուհի Երանոսյան