Քաղաքական 

Սահմանի վերաբացումից Թուրքիան ավելի կուժեղանա. Sabah օրաթերթ

 Թուրքական Sabah օրաթերթի սյունակագիր Օմեր Թաշփընարը գրում է.

«Ստորագրված Արձանագրությունները նախատեսում էին դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել սահմանը։ Արձանագրությունները երկու երկրների խորհրդարաններով անցնելով՝ կյանքի էին կոչվելու։ Սակայն «տան հաշվարկը շուկայում սխալ դուրս եկավ»։

 

Ադրբեջանից եկած կոշտ արձագանքից հետո Անկարան հետքայլ արեց և մի նախապայման առաջ քաշեց, որը փաստաթղթում չկար։

 

Այդ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի հարցում լուծում գտնելուն էր առնչվում։ Երևանը, բնականաբար, նոր պայմանը չընդունեց, և Արձանագրություններն էլ, ԼՂ խնդրի նման, «սառնարանում» հայտնվեցին։

 

Արդեն 4 տարի է՝ այս հարցի առնչությամբ նոր քայլ չի արվել։ Վաշինգտոնի համար դա անհանգստացնող է։
Օբաման 2008թ.-ին՝ նախընտրական շրջանում, հայտարարեց, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունն ու հայկական լոբբիին խոստումներ տվեց։ Պաշտոնի գալուց հետո նրան հետքայլ անելու համար պատճառներ էին հարկավոր։ Եվ ԱՄՆ-ն «հարաբերությունների կարգավորման փուլին չվնասելու» պատճառը գտավ։

 

Այժմ՝ 2015թ.-ին ընդառաջ, երբ Ցեղասպանության հարյուրամյակի շեմին ենք, ԱՄՆ-ի Կոնգրեսն ու Սպիտակ տունը դարձյալ ճնշում են գործադրելու Հայաստանի և Թուրքիայի միջև սառած հարաբերությունները կենդանացնելու համար, ինչն Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի համար շատ կարևոր է։

 

Այդ պատճառով էլ Վաշինգտոնը կանի հնարավորը՝ Արձանագրությունների վերակենդանացման համար։
 

Անկարան այս հարցում համակարծիք է։ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը կուժեղացնի Թուրքիային, և 2015թ.-ին ընդառաջ Թուրքիայի վրա գործադրվող ճնշումները կանխելու հարցում ազդեցիկ կլինի։

 

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ հադիպումը պետք է դիտարկել այս շրջանակներում։

 

Իսկ արդյոք այս նոր երկխոսությունից ինչ-որ բան դուրս կգա՞։ Որքան հասկանում ենք, Անկարան ցանկանում է, որ Հայաստանը դուրս գա ԼՂ երկու շրջաններից։ Դրա փոխարեն առաջարկում է բացել սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և օգնել տնտեսապես։

 

Կարծում եմ՝ նման առաջարկ ավելի վաղ արվել էր նաև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն արդյունք չէր ունեցել։
 

Եթե Անկարան ցանկանում է արդյունքի հասնել, այդ հարցը պետք է քննարկի նախ Ադրբեջանի, հետո Ռուսաստանի հետ։ Պետք է հասկանալ հետևյալը. Հայաստանի համար Ցեղասպանությունը նախապայման չդարձնելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը մեծ փոխզիջում էր։

 

Հենց դրա համար էլ Սփյուռքը զայրացավ պաշտոնական Երևանի վրա։ Հայաստանը Ցեղասպանությունը նախապայման չի համարում, սակայն չի ընդունի Թուրքիայի նախապայմանը՝ ԼՂ առնչությամբ։

 

Այդ պատճառով Թուրքիան նախ Ադրբեջանին պետք է համոզի Ղարաբաղի հարցում ավելի լայն ժամանակահատվածի համար այլ ռազմավարության հարցում։ Այո՛, նպատակը կարող է նույնը մնալ, սակայն Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում Ղարաբաղը նախապայման չպետք է լինի։

 

Սահմանի վերաբացումից Թուրքիան ավելի կուժեղանա։ Այդ պատճառով նախ սահմանը պետք է բացվի, և հետո թե՛ Երևանի, թե՛ Մոսկվայի վրա ԱՄՆ-ի հետ մեկտեղ դիվանագիտական ճնշում պետք է գործադրվի։ Հակառակ պարագայում՝ նոր երկխոսության ժամանակահատվածը ձևական կմնա»։

Նույն շարքից