ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ: Այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է ԸՕ-ին, Ռուստամյանը նշել է, որ գործող ռեյտինգային համակարգին իրենք դեմ են, սակայն նոր օրենսգիրքը չընդունվեց, դրա համար ընտրություններին մասնակցելու են գործող կարգով՝ սակայն շարունակելով դեմ լինել ռեյտինգային համակարգին։
ՀՅԴ-ի ցուցակի մասով դեռ որոշում չկա, դա պետք է որոշի կուսակցության Գերագույն մարմինը: Ռուստամյանի խոսքերով կարող են ցուցակում լինել նաև անկուսակցականներ: ՀՅԴ-ականը չի բացառել, որ անակնկալներ կլինեն՝ նշելով, որ կյանքը լի է անակնկալներով:
Դեռ որոշված չէ, թե ով է գլխավորելու ՀՅԴ-ի ցուցակը: Իսկ ինչ վերաբերում է Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ շատ կուսակցություններ ռեյտինգային թեկնածուներ չունեն, Ռուստամյանը կոչ է արել բոլորին խոսել իրենց մասին. «Ես կոչ եմ անում այս նախընտրական փուլում չհրապուրվել և այնպիսի բաներ չխոսել, որոնց համար հետագայում չեն կարող պատասխան տալ: Մի քիչ ավելի օբյեկտիվ պետք է լինել, խոսել ճիշտը»:
Ռուստամյանի խոսքերով, նոր ԸՕ-ի տապալման գլխավոր պատճառն այն է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, եթե ամեն ինչ գնար ավելի վաղ ուրվագծված ճանապարհով, ամեն ինչ այլ կերպ կլիներ. «Դեկտեմբերը բերեց երկու ելք, որոնցից որևէ մեկը նորմալ չէ Հայաստանի համար: Առաջին՝ չենք ընդունում, երկրորդ՝ ընդունում ենք, սակայն ունենում ենք մեկ ամիս ընտրությունների համար»: