Այսօր` հոկտեմբերի 31-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ խորհրդարանի արձակումից հետո գործող ԱԺ-ն շարունակելու է իր լիազորությունները կատարել մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ինչպես են Հանրապետականում վերաբերում 1,5 տարվա ընթացքում մեծ թվով ձայներ կորցնելուն, Բաղդասարյանը նշեց, որ դեռ նոր ընտրություններ պետք է տեղի ունենան, կորցնելու մասին վաղ է խոսել. «Պետք է հետևել զարգացումներին»:
Հարցին, թե ռեյտինգային համակարգը ձեռնտու է արդյոք Հանրապետականին, պատգամավորն ասաց, որ հարցին չեն նայել ձեռնտու կամ ոչ ձեռնտու լինելու տեսանկյունից. «Անթույլատրելի է ընտրություններից մեկ ամիս առաջ Ընտրական օրենսգիրք փոխելը»:
Բաղդասարյանը հայտնեց, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու կուսակցության համաժողով, որին մասնակցելու է նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ համաժողովի ժամանակ էլ որոշումներ են կայացվելու, թե ինչ ցանկով Հանրապետականը կմասնակցի ընտրություններին, ով կգլխավորի ցանկը և այլն:
Բաղդասարյանը մտահոգություն չունի, որ նախորդ ընտրությունների ժամանակ կուսակցությանը մեծ թվով ձայներ բերած ռեյտինգային թեկնածուները` Սամվել Ալեքսանյանը և մյուսները, Հանրապետականի հետ չեն: Նրա կարծիքով Հանրապետականն այլ թեկնածուներ ևս ունի:
Խոսելով իրենց շանսերի մասին, ՀՀԿ-ականն ասաց, որ ընտրություններին չեն մասնակցում միայն անցողիկ շեմը հաղթահարելու համար: