Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Կարծում եմ, որ տիկին Ստեփանյանը խորացնում է իր վիճակը. Անի Սամսոնյան

analitik.am

Դպրոցի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ձեռք բերելու քննություններից առաջինը, որն անցկացվել է հոկտեմբերի 17-ին, թեժ կրքեր է բորբոքել ու չի բացառվում, որ գործն ավարտվի դատարանով:

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մեղադրանքներ  հնչեցրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հասցեին, ով նույնպես քննող հանձնաժողովի կազմում է եղել:

«Աննա Ստեփանյանի գլխավորությամբ քննող հանձնաժողովի անդամները, մանկավարժների նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք և քննելուց առաջ նրանց ենթարկել են բարոյահոգեբանական ճնշումների։ Ես ունեմ փաստեր, որ մի քանի մանկավարժներ այդ ճնշումների հետևանքով քննության ընթացքում և քննությունից հետո պարզապես արտասվել են: Հավակնորդներին գնահատելիս հանձնաժողովի անդամները՝  ի դեմս վարչության պետի, առաջնորդվել են բացառապես սուբյեկտիվ վերաբերմունքով։ Տիկին Ստեփանյանը հատիկ-հատիկ մտաբերել է թիվ 11 դպրոցի այն ուսուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքն էին արտահայտել նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի դեմ և որոշել է կոպիտ, գռեհիկ պահվածքով, իր դիրքը չարաշահելով, վրեժխնդիր լինել այդ մանկավարժներից։ Նա նաև հիշել է, որ նմանատիպ դեպք եղել է նաև 164 դպրոցի ուսուցիչների հետ և ցավեցրել է նրանց ՝ այսպիսով պաշտպանելով Հայաստանի հանրապետական կուսակցության պատիվը»,- իր ելույթի ժամանակ ասաց Սամսոնյանը:

«Լույս» խմբակցության անդամը համոզմունք է հայտնել, որ 30 և ավելի տարվա մանկավարժներին անգրագետ ու կիսագրագետ անվանող անձն իրավունք չունի հանրակրթության վարչության պետ աշխատել, նա նաև հիշել է, որ Աննա Ստեփանյանը դիտորդի կեղծ վկայականով ժամանակին ընտրատեղամասում աշխատել է ՀՀԿ-ի օգտին:

Ըստ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի, նա դպրոցի ղեկավարման հավաստագրի քննությունների ժամանակ եղել է հանձնաժողովի յոթ անդամներից մեկը. «Ցավում եմ, որ ավագանու անդամը կարող է միակողմանի, առանց լսելու դիմացինի կարծիքը, նման հայտարարություններ անել, որովհետեւ այսօր մենք անհիմն շատ բողոքներ ենք ստանում, և  երկու կողմին անպայման լսում ենք և անում մեր մեկնաբանությունը: Այս պարագայում միակողմանի ելույթ ունենալն ուղղակի իրավունքների ոտնահարում էր և ավագանու լիազորությունների վերազանցում»,- ասել է Ստեփանյանը:

Analitik.am-ի հետ զրույցում Սամսոնյանն ասաց, որ խնդրի վերաբերյալ գիտեն նաև նախարարությունում և Երևանի քաղաքապետարանում զբաղվում են այդ հարցով:

Ինչ վերաբերում է դատական գործ հարուցվելուն,  ավագանու անդամն ասաց, որ ինքը  հրապարակել է 15 ուսուցիչների  ստորագրությունները՝ նշելով, որ այդ թղթերը գտնվում են այն մարդկանց մոտ, ովքեր զբաղվելու են այդ հարցով. «Կարծում եմ, որ տիկին Ստեփանյանը խորացնում է իր վիճակը»:

Հիշեցնենք, որ Աննա Ստեփանյանը Նիկոլ Փաշինյանի հատուկ պահպանության ծառայության պետ Գրիշա Հայրապետյանի եղբոր կինն է, ով հրաժարվեց ՀՀԿ անդամակցությունից՝ շարունակելով աշխատել Երևանի քաղաքապետարանում:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից