Հայաստան Քաղաքական 

Կարևորելով ընտրական բարեփոխումները՝ կոչ է արվել Հայաստանին հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված բոլոր առաջարկությունները

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի աշխատանքներին:

Հոկտեմբերի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսում պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ կոմիտեն ստացել է մոնիթորինգ և հսկողություն իրականացնելու գործիքակազմ: Այն իրավասու է լիարժեք տեղեկատվություն ստանալ և հարցադրումներ ուղղել Եվրոպական հանձնաժողովին ու եվրոպական ինստիտուտների այլ ղեկավարներին:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ մեր երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների համատեղ աշխատանքի արդյունքում նիստում ընդունվել է եզարափակիչ հայտարարություն, որը մանրամասն անդրադառնում է Հայաստանի արտաքին և ներքին խնդիրներին:

Ըստ զեկուցողի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող դրույթներում ներառված են խնդրի վերաբերյալ Հայաստանի և Արցախի ժողովուրդների տեսակետները,  ընդգծվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փաստաթղթղում կոչ է արվում նաև բոլոր ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անդրադարձ է կատարվում Հայաստանում իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանությանը, գալիք խորհրդարանական ընտրություններին՝ իշխանությունների վրա դնելով պատասխանատվություն՝ խաղաղ նախընտրական արշավ իրականացնելու հարցում ապահովել թափանցիկ, արդար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար:

Հայտարարության մեջ կոչ է արվում ձեռնպահ մնալ ատելություն, անհանդուժողականություն և բռնություն քարոզելուց, ինչպես նաև չխաթարել երկրի ժողովրդավարական կայունությունը և հայ հասարակության միասնականությունը:

Կարևորելով ընտրական բարեփոխումները՝ կոչ է արվում Հայաստանի իշխանություններին հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված բոլոր առաջարկությունները:

Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

 

Նույն շարքից