Գլխավոր Իրավական 

Պետության դեմ ուղղված հանցագործություն է, և եթե պետք է համաներում շնորհեն, ի՞նչ ասեմ՝ հալալ է. Գ. Մկրտչյանի այրին կտրուկ դեմ է «Սասնա ծռեր»-ին համաներում շնորհելուն

analitik.am

ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ hոկտեմբերի 31-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն իրազեկել է, որ սա ամենաշատ շահառու ընդգրկող համաներման նախագիծն է Հայաստանի պատմության մեջ, քանի որ փաթեթի ընդունման արդյունքում համաներումից կօգտվի շուրջ 6500 մարդ:

Զեյնալյանը նշել է նաև, որ համաներման արդյունքում պատժից կազատվեն 2016 թվականի հունիսի 17-ից 31-ը Ոստիկանության ՊՊԾ գնդում հանցագործություն կատարելու համար դատապարտված անձինք, եթե դրան դեմ չեն առարկում պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած տուժողների իրավահաջորդները: Նշենք, որ խոսքը վերաբերում է «Սասնա ծռեր» խմբին:

Analitik.am-ի հետ զրույցում Ոստիկանության ՊՊԾ գնդում զոհված Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանն ասաց, որ իրենց ամբողջ ընտանիքը դեմ է այդ որոշմանը. «Հույս ունեմ, որ մնացած կողմերն էլ են դեմ, կապ չունի՝ կրակողն ով է եղել, փաստն այն է, որ «Սասնա ծռեր» խումբն է դա կազմակերպել: Պետության դեմ ուղղված խմբակային հանցագործություն է, և եթե պետությունը պետք է համաներում շնորհի իր վրա հարձակվողներին, ուրեմն հալալ է, ինչ ասեմ, թող բաց թողնեն: Աստված չանի, որ ինչ-որ մեկն իմ տեղը լինի, կների՞ նրանց: Ես դեռ ոչինչ, բա ամուսնուս ջահել կյանքը, բա երեխայիս վիզը ծուռ թողելն ու աչքերի մեջ կարոտ տեսնելը: Բոլորս էլ ապրում ենք, մի օր ժպտում, ուրախանում ենք, մի օր տխրում ենք, բայց ամուսնուս ջահել կյանքն էր ափսոս: Ինչպե՞ս կարող եմ գլուխս հանգիստ դնեմ բարձին ու քնել, մտածելով, որ ինչ-որ տականքներ ազատության մեջ են, որ վաղն էլ կարող է նոր կառավարության որոշումները դուր չգան իրենց, նորից մտնեն մի գունդ էլ գրավեն և էլի 4-5 հոգու վիզը ծուռ թողնեն: Դրանից հետո էլ Պավլիկի նման կանգնեն հայտարարություն անեն՝ ասելով, թե ես ի՞նչ եմ արել, որ մի հատ էլ պետք է համաներում ինձ վրա ազդի: Նրանք այնքան վստահ են իրենց վրա, որ պետք է առանց համաներման դուրս գային: Ես կյանքում չեմ անիծել, ամեն ինչ թողել եմ Աստծու հույսին, ու ինչպես տեսնում եք, Աստված կամաց-կամաց իր գործն անում է: Իմ ամուսնու անունը լսելիս, քիչ է մնում խելագարվեմ»:

Տիկին Հասմիկի խոսքերով, իր ամուսինը երկրորդ մասնագիտություն ձեռք բերեց նրա համար, որ իրենց նոր ծնված փոքրիկին կարողանա ապահովել. «Չգնաց ուրիշի տունը թալանեց, ինչպես «Սասնա ծռեր»-ն ուրիշի տունը քանդեցին, անունը դնելով, որ հանուն հայրենքի են արել: Ի՞նչ է դա նշանակում, մտել եք գունդ եք գրավել, մարդու կյանք եք խլել և ասում եք, որ հանուն հայրենիքի ու հանուն ժողովրդի եք արել: Կամ, որ բանկոմատ էին թալանում, դա ժողովրդի գումարը չէ՞ր, որ կոշիկների ու նասկիների միջից հանեցին գումարները, դա ժողովրդինը չէ՞ր: Ի՞նչ է նշանակում ապստամբություն  կամ մենք տեռորիստ չենք, քանի՞ հոգու վրա են զենք պահել ու վախեցրել: Ես այնքան լցված եմ ու իմ տեղը չեմ գտնում այն փաստից, որ համաներումն արդեն գործում է»:

Տիկին  Հասմիկը նաև  նշեց, որ միայն ցանկանում է, որ բոլոր մեղադրայլներին ամենախիստ պատիժը տրվի, որ խոնավ պատերի մեջ նստելով իրենց արարքի լրջությունը հասկանան. «Իրենք չեն հասկանում, թե ինչ են արել: Երբ դատալսումների էի գնում, նրանք անպատշաճ կերպով և մաստակներով նստած էին մեղադրյալի աթոռին, անգամ փողոցի ամենատգետ մարդն այպես չէր պահի իրեն: Նենգ հայացքներով նայում էին զոհվածների հարազատներին: Իրենց այդ հայացքից կարելի էր հասկանալ այն, որ լավ ենք արել, պետք լինի մի անգամ էլ կանենք, որովհետև ոչ մի զղջում և կարեկցանքի նշույլ անգամ չկար նրանց աչքերում: Իրենց այնքան այլանդակ ու լպիրշ էին պահում, որ դատավորն այդ ամենը նկատելով, մեր դիմացը ոստիկաններ կանգնեցրեց»:

Գագիկ Մկրտչյանի այրի տիկին Հասմիկը նաև նշեց, որ ամուսինն ասել է իրեն, որ հենց «Սասնա ծռեր»-ն են այդ արարքն արել. «Երբ հիվանդանոցում զրուցում էի ամուսնուս հետ, նա ինձ ասաց, որ իրենք են դա արել, և եթե հիմա Աստված էլ իջնի վերևից, մեկ է չեմ հավատալու, ինչքան էլ որ դատարանում հերքեն դա: Այնքան անուղեղ են իրենք, որ չեն մտածում, որ իմ ամուսինը 27 օր ապրել և խոսել է հիվանդանոցում: Ես կտրականապես դեմ եմ, ով ուզում է թող կողմ լինի, եթե հիմա ես դեմ չլինեմ, տարիներ հետ ինչպե՞ս եմ նայելու իմ երեխայի աչքերի մեջ, բա իմ երեխայի մանկությունը ո՞վ պետք է ետ վերադարձնի»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից