Ուկրաինացի ժողովուրդը, ի տարբերություն ադրբեջանցիների, հասունացել է. նա ունի քաղաքական գիտակցություն։ Եթե առաջ ժողովուրդը տատանվում էր, այժմ հստակ գիտի, թե ինչ է ցանկանում. Haqqin.az-ին տված հարցազրույցում ասել է «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը՝ մեկնաբանելով ադրբեջանական ընդդիմության երեկվա հանրահավաքը։
«Ադրբեջանի ժողովուրդը հրաժարվել է պայքարից, նա անտարբեր է դարձել։ Դրա մեջ տեսնում եմ իշխանության մեղքը, որը ճնշում է քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին։ Դրա համար ես հակված չեմ համեմատել Ուկրաինայի և Ադրբեջանի իրավիճակները»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ վերջին 10 տարվա ընթացքում իշխանությունները ճնշել են քաղաքացիական ազատությունների բոլոր դրսևորումները, և դրանից հետո հնարավոր չէ, որ մարդիկ դուրս գան փողոց՝ պաշտպանելու իրենց իրավունքները։
«Մեզ մոտ սարսափելի ավտորիտար ռեժիմ է, և ավելի լավ կլինի Ադրբեջանում իրավիճակը համեմատել Հյուսիսային Կորեայի կամ Ուզբեկստանի հետ, բայց ոչ մի դեպքում Ուկրաինայի, Վրաստանի կամ անգամ Հայաստանի»,-ասել է նա:
Նա նշել է, որ ինչ-որ երկիր արագ է զարգանում ժողովրդավարության ճանապարհով, իսկ մեկ ուրիշը՝ ոչ։ Բացի այդ, հարցը նաև ռեսուրսների մեջ է։
«Մենք «անվտանգության բարձիկներ» ունենք՝ նավթը, հենց այդ պատճառով էլ այդ գործընթացը ձգվում է։ Սակայն ակնհայտ է, որ այդ գործընթացը կավարտվի 10 տարվա ընթացքում։ Կարծում եմ՝ մեզ մոտ էլ ժողովրդավարական բարեփոխումների հարցը կլուծվի մինչ 2018թ.։ Ի դեպ, սա միայն իմ կանխատեսումը չէ, այդպես են կարծում նաև միջազգային առաջատար վերլուծաբաններից շատերը։ Իրադարձություններն Ուկրաինայում կդառնան հենց այն շրջադարձը, որը հետխորհրդային տարածքում լուրջ փոփոխությունների կհանգեցնի»,-ասել է Ալիևը։