Քաղաքականություն 

ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից կտեղափոխվի Ստամբուլ

analitik.am

Հայկական 22 հասարակական կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին ուղղված նամակ-բողոքները, որ ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու որոշումը չեղյալ հայտարարեն, ըստ էության, անտեսվել են։ Հունվարից ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից կտեղափոխվի Ստամբուլ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։

Նա նշեց, որ իրենց նամակներին ուշադրություն դարձվել է այն առումով, որ որոշվել է՝ Հայաստանը այդ ռեգիոնալ կառույցի հետ չի աշխատելու, ինչը, ըստ նրա, ևս արդյունք է։ «Այստեղ ենթակայության խնդիր չկա, սակայն ռեգիոնալ կառույցը մեծ նշանակություն ունի, որովհետև քննարկումներ են լինում, թե մենք ինչպես ենք աշխատելու, մինչ այդ եվրոպական կառույցում ենք եղել, բայց նաև ասիականի հետ ենք աշխատել։ Մենք խիստ թերագնահատում ենք ՄԱԿ-ի գործունեությունը, և մեր ակտիվությունը միջազգային կառույցներում պետք է մեծացնել»,- ասաց նա։

Կարինե Դանիելյանի խոսքով՝ Թուրքիայի այս ակտիվությունը պատահական չէ, նրանք պատրաստվում են Մեծ եղեռնի 100-ամյակին։ «Մեզ արդեն 4 կոնֆերանսի են կանչել Ստամբուլ, իհարկե չեմ գնացել, բայց չգնալու հետևանքով էլ դուրս ենք մնում աշխատանքներից։ Այնտեղ քարոզչություն են տանում, չեմ ասում կաշառվում են, բայց նվերներ են տալիս, և մարդկանց մտքով անգամ չի անցնում, թե այս երկիրը ցեղասպան երկիր է»,- ասաց նա։

Կարինե Դանիելյանի խոսքով՝ այն որ հայկական կողմը դուրս է մնում բոլոր ծրագրերից, իհարկե, ՀՀ ԱԳՆ-ի խնդիրն է։ «Ակնհայտորեն աշխատում են այնպես, որ Հայաստանին հանեն այս համակարգից։ Մենք ունենք ընտիր մասնագետներ, որոնք ՄԱԿ-ում աշխատում են, լավ փորձագետներ, պետք է լոբբինգն ուժեղացնենք, սփյուռքի ներկայացուցիչների հետ, որպեսզի մեր անդամները նույնպես այդ կառույցում աշխատեն։ Պետք է համընդհանուր աշխատենք»,- ասաց նա։

Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խնդրեց այս հարցով միայն ՄԱԿ-ին չմեղադրել, չնայած որ հիշեց, թե ՄԱԿ-ն ինչ սկզբունքների հիման վրա է ստեղծվել ու հիմա ինչ է անում։

«Այսօր փոխել է ՄԱԿ-ն իր սկզբունքները և ամեն հարցում փողն է դեր խաղում։ Ասում են Թուրքիան փող է տալիս, կառույցներ է ստեղծում, լավ ուրեմն էդ կառույցներն է՛լ ում են պետք, կոտորենք բոլորին վերջացնենք»,- ասաց նա և ավելացրեց, թե պետական մարմինները բավարար չեն աշխատում այս ուղղությամբ։ «ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ է, այսքան տարիներ լինելով ՄԱԿ-ում՝ վաղուց պետք է քննարկվեր Հայոց ցեղասպանության հարցը, անդրադառնար թուրքական հասարակությանը չմաքրելու խնդրին, նրա ագրեսիվ գործունեություն շարունակելուն»,- ասաց նա և նշեց, թե, ցավոք, ոչ մի աշխատանք էլ չի տարվում։

 

 

Նույն շարքից