Գլխավոր Իրավական 

Համաներման մասին նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

analitik.am

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել և միաձայն ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկներ են ներկայացրել թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորները. ընդունվել են ոչ բոլորը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է փաթեթը երկրորդ ընթերցմամբ և տվել դրական եզրակացություն:

Ելույթներ են ունեցել պատգամավորները:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրներին և նշել, որ 93-ից 14-ը, զոհ են բանակային անառողջ հարաբերությունների: Ըստ պատգամավորի՝ անհրաժեշտ է վերանայել այդ գործերը, որոնք կազմվել են՝ հիմնվելով մեկ վկայի ցուցմունքի վրա: Նա կարևորել է նաև բանտից դուրս եկող քաղաքացիների՝ հասարակությանն ինտեգրելու հարցը:

Հայկ Բաբուխանյանն անհասկանալի է համարել կառավարության դիրքորոշումը՝ կարծիք հայտնելով, թե վերջինս համաներումը տարածում է «իր քաղաքական քիմքին հաճելի» մարդկանց վրա. ակտում առկա է խտրական վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ: Պատգամավորը տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու համաներման փաթեթին՝ բացառությամբ առաջին նախագծի 11-րդ կետի, որը վերաբերում է ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակմանը:

Ալիկ Սարգսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել համաներման ակտը՝ միաժամանակ անդրադառնալով դրա արդյունքում ի հայտ եկող խնդիրներին: Նրա համոզմամբ՝ պետք է լուծել նաև համաներվող անձանց աշխատանքի տեղավորելու հարցը, այլապես կլինեն կրկնահանցագործություններ:

Էդմոն Մարուքյանը ևս անդրադարձել է ՊՊԾ գնդի գրավման դեպքին և նշել, որ եթե համաներումը տարածվելու է նաև այդ գունդը գրավող անձանց վրա, ապա պետք է շատ ավելի փոքր հանցանքներ գործած անձինք համաներվեն: «Այստեղ խնդիր կա, պետք է վերանայել այս հարցը»,-ասել է նա:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է կառավարության՝ համաներում հայտարարելու քայլը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է ՊՊԾ գնդի գրավման հարցին՝ այն համարելով հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել ՊՊԾ գունդը գրավողներին համաներելը՝ ընդգծելով, որ դա կարող է վատ նախադեպ դառնալ: «Սրանով ական է դրվում մեր պետականության տակ»,-շեշտել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ի պատասխան պատգամավորների կողմից բարձրացված հարցերի ընդգծել է, որ համաներման ակտով պատժի կրումից չեն խուսափելու և չեն համաներվելու այն մեղադրյալները, որոնք դատապարտվել են սպանություն կատարելու համար: Բացի այդ համաներումից չեն օգտվելու նաև այն դատապարտյալները, որոնց վերաբերյալ առարկություններ կլինեն պատանդառվածներից կամ մարմնական վնասվածքներ ստացածներից:

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված որոշ անձանց դատական գործերը վերանայելու հարցին՝ նշելով, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է այդպիսի մեխանիզմ, և ողջունելի է այդ գործերի վերանայումն ու կասկածների փարատումը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

 

Նույն շարքից