Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-երում ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ դրանց 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ: Այսօր` նոյեմբերի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դա խայտառակություն է:
Փաշինյանի խոսքերով, նշյալ փոքր ՀԷԿ-երում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում օրենքի պահանջներին: Այսինքն վերցվում է ավելի շատ ջուր, ավելի հզոր գեներատոր օգտագործելու համար, որն էլ հանգեցնում է ավելի շատ էլեկտրաէներգիա և եկամուտ ստանալուն, որը, ըստ էության ոչ միայն Հայաստանի ջրային բալանսն է խախտում, այլ նաև բերում է պետական եկամուտների կորստի:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այս առիթը չի օգտագործվելու սեփականության վերաբաշխում իրականացնելու համար, ուրիշների հորեղբոր որդիներից չեն վերցնելու տան իրենց հորեղբոր որդիներին, այդ ճանապարհով չեն գնալու, սեփականության վերաբաշխում Հայաստանում չկա և չի լինելու, սակայն հանգիստ պայմաններում բոլոր հարցերը պետք է քննարկվեն:
Փաշինյանը խոսեց նաև հարցի բնապահպանական կողմի մասին` հայտարարելով, որ կան գետեր, որոնք դե յուրե կան, բայց դե ֆակտո չկան: Խնդիրներ կա նաև ձկնուղիների մասով, որոնք ՀԷԿ-երը պետք է ունենա, բայց կամ չունեն, կամ էլ ունեն, բայց արդյունավետ չեն: