Ես համարում եմ, որ քաղաքականության և բարոյականության տեսանկյունից կատարել եմ ճշտագույն քայլ, ես ոչ մի գրամ ու միլիմետր չեմ շեղվել դրանից, ինչին հավատում եմ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը` խոսելով Լուսավոր Հայաստանը լքելու և Նիկոլ Փաշինյանին միանալու մասին:
Կոնջորյանի խոսքերով, իր արածը ճամբարափոխություն չէ. «Իմ քաղաքական գործունեության մեծ մասը ես անց եմ կացրել ԵԼՔ դաշինքում: Դա եղել է մեկ թիմ, մենք ունեցել ենք մեկ թիմ, ունեցել ենք հուշագիր, որ այն պետք է դառնա մեկ կուսակցություն: Ես ներսում պարբերաբար ասել եմ, որ մենք մեկ թիմ ենք: ԵԼՔ-ը մեծ տուն էր, որն ուներ մի քանի սենյակ, ես մի սենյակից անցել եմ մյուս սենյակ, սա ճամբարափոխություն չէ: Եթե լինեի ՀՀԿ-ական և գնայի այնտեղ, գուցե կարող էիք այդպես մեկնաբանել»:
Ինչ վերաբերում է նրան, որ ինքը հնարավոր է դա արել է մանդատի համար, Կոնջորյանը հայտարարեց, որ ինքը թքած ունի ցանկացած պաշտոնի ու մանդատի վրա, դա իրեն պետք չէ. «Ես 4-5 ամիս է, որ պատգամավոր եմ: Այդ ընթացքում ինձ մոտ որևէ բան չի փոխվել: Ես բոլորի նման սովորական մարդ եմ: Ուղղակի որոշ տեղերում ինձ սկսել են ավելի զգաստ ընդունել, որոշ մարդիկ սկսել են ինձ քծնել, ինչը շատ վատ է և ինձ համար տհաճ: Ինձ համար միակ տարբերությունն այն է, որ ես կարող եմ իմ ձայնն ավելի բարձր հնչեցնել և իմ գաղափարներն իրականացնել»: