Աբսուրդ է, երբ մի երկիր որևէ երկրի հետ հարաբերությունները կապում է երրորդ երկրի հետ այդ երկրի ունեցած հարաբերություններով: Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Փաշինյանը հայտնեց, թե վերջերս մի փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ իր զրուցակցին հայտնել է, որ Հայաստանի երկու սահմանները փակ են, իսկ մյուս երկու սահմանները` Իրանի և Վրաստանի հետ, որոնք բաց են, իրականում կիսաբաց են: Վարչապետի թեկնածուի պնդմամբ, հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, իսկ հայ-վրացական սահմանը` վատ եղանակի և աշխարհաքաղաքական իրավիճակի:
Սա հաշվի առնելով` Փաշինյանն իր զրուցակցին հարցրել է, թե ինչպես պետք է վարվի Հայաստանը, որը դառնում է կղզի` առանց ծովի: Զրուցակիցն ընդունել է դիրքորոշումներն ու փաստարկները, որոնք Հայաստանը բերել է արտաքին քաղաքական շատ կնճռոտ հարցի մասով:
Ինչ վերաբերում է կոնկրետ հայ-թուրքական հարաբերություններին, Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել դրանք. «Խնդրում եմ, որ սա չմեկնաբանվի այնպես, թե մենք որևէ կերպ նսեմացնում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այն մեզ համար հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ: Այն ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային անվտանգության խնդիր է: Սահմանն ըստ էության մեր կողմից փակ չէ, փակ է Անկարայի կողմից և պատճառը ԼՂ հակամարտությունն է: Եթե որևէ մեկը հույս ունի, թե ՀՀ-ին կամ հայ ժողովրդին կարող է հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել ԼՂ հարցի կարգավորման այս կամ այն տարբերակի, նա ուղղակի սխալվում է»: