Քաղաքական 

Բոլորս պատասխանատվություն ենք կրելու այն երեք ոստիկանների ընդհատված կյանքի համար․ Ալիկ Սարգսյան

Այսօր՝ նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ համաներման նախագծին՝ նշելով, որ համաներմամբ բոլորը պատասխանատվություն են կրելու այն երեք ոստիկանների ընդհատված կյանքի համար․ «Ես կարծում եմ, որ այստեղ նստած բոլորս, տարիներ հետո, նույնպես պատասխանատվություն ենք կրելու այն երեք ոստիկանների ընդհատված կյանքի համար։ Մինչ այս պահն ինձ երաշխավորել են, հավաստիացրել են, որ գործընթացը շարունակվում է և կոնկրետ սպանություն կատարած անձինք պատժվելու են։ Իսկ այն երևույթը, որ նրանք մշտապես մնան ազատության մեջ՝ համարեք, որ մի ամբողջ համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը և համակարգի վստահությունը ժողովրդի նկատմամբ կորցնում եք։ Ես չգիտեմ այս մարդիկ ոնց են հաջորդ անգամ գնալու ծառայության»։

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ բացի այն, որ համաներումը պարունակում է մարդասիրության տարրեր, այնուամենայնիվ շատ ավելի կարևոր հարց կա․ «Համաներումը լուրջ մարդասիրության, հանդուրժողականության էլեմենտներ, տարրեր է պարունակում, որի կապակցությամբ ես իմ գոհունակությունն եմ հայտնում։ Այնուամենայնիվ մոռանում ենք մի շատ կարևոր բան, ամեն անգամ ինչ-որ թվեր ենք հրապարակում, հաշվարկում ենք ոստիկանության և ազգային անվտանգության ռեսուրսները, թե արդյո՞ք համաներման արդյունքում այս մարդիկ հնարավորություն ունեն ազատ արձակվածների նկատմամբ հսկողություն սահմանել, կադապտացվեն, թե ոչ, բայց ավելի կարևոր հարց կա։ Պետք է լուծենք նրանց հետագա աշխատանքի հարցը, նրանք պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում, այլապես դուք կունենաք և՛ կրկնահանցագործություն, և՛ այս մարդիկ չեն ունենա հնարավորություն աշխատանքի, որ կարողանան այդ պատճառված վնասները հատուցել, իրենց ընտանիքների բարեկեցությունն ապահովել և կարծում եմ, որ համաներմամբ ավելի վնաս տված կլինենք»,-ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ գումարած արտահերթ նիստի ժամանակ, 2-րդ ընթերցմամբ, 75 կողմ ձայներով ամբողջությամբ ընդունեց նիստի օրակարգում ընդգրկված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Նույն շարքից