Քաղաքական 

Մենք առաջնորդվում ենք Հայաստանի շահերով. Նիկոլ Փաշինյանի պատասխանը` Բոլթոնին և մյուսներին

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, վարչապետի ընտրության համար հրավիրված Ազգային ժողովի նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար և թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Ջոն Բոլթոնի հայտարարության մասին՝ կապված Իրանի հետ քաղաքականության հետ և պատասխանելով հարցին, թե ինչպես են վերաբերում ՀՀ իշխանությունները ամերիկյան կողմի հայտարարություններին և նաև որոշ գործիչների այն կոչերին, որ Հայաստանը պետք է սահմանափակի հարաբերություններն Իրանի հետ, ասաց, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարությանն ու ազգային և պետական շահերին, բայց ՀՀ-ն ունի իր ազգային և պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրների շահերի և պատկերացումների հետ, ու ՀՀ կառավարությունը շարունակելու է հենվել ազգային շահերի վրա. «Որևէ մեկը չկասկածի, որ մենք 100 տոկոսով մեր գործողությունները կառուցում ենք ազգային շահերի հիման վրա՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Բոլորին կոչ եմ անում, որ որևէ հայտարարություն չվերագրել ՀՀ-ի կառավարությանը, եթե դրա հեղինակը ՀՀ-ի կառավարությունը չէ»:

Փաշինյանի խոսքերով,  Հայաստանը  պետք է առանձնահատուկ հարաբերություններ ունենա Իրանի և Վրաստանի հետ, որոնք հնարավորինս դուրս կլինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից. «Այս դիրքորոշումը ձևակերպվել է նաև Բոլթոնի հետ ունեցած հանդիպման ընթացքում, և կարծում եմ, որ ՀՀ-ի դիրքորոշումն ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչների համար եղել է պարզ, ընկալելի և նույնիսկ ընդունելի»:

Ինչ վերաբերում է Ստամբուլում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ստորագրած փաստաթղթին, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության մասին հատվածին, Փաշինյանը նշեց, թե կան պրոցեսներ, որոնք ոչ այսօր են սկսվել և ոչ էլ երեկ. «Ես դա ասում եմ, որպես մի մարդ, ով նախորդ տարվա դեկտեմբերին, խորհրդարանական պատվիրակության կազմում եղել է Իրանի Իսլամական հանրապետությունում և տարբեր մակարդակներում քննարկում է ունեցել: Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր միջազգային գործընկերների պատկերացումներին ու շահերին և հույս ունենք, որ նույնքան հարգանքով էլ մյուսները կվերաբերվեն մեր պատկերացումներին և շահերին»:

Նույն շարքից