Հայաստան Քաղաքական 

Այդ օրն իմ ծնունդն է. Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ինչ նվեր է ուզում Նիկոլ Փաշինյանից

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին՝ հիշեցրեց այն, որ իրենց մեղադրում են վիզը ծուռ քաղաքականություն վարելու համար՝ հավելելով, թե տեսնում են՝ ինչպես են գործող իշխանությունները վարում հպարտ վզով քաղաքականությունը. «Բոլթոնն եկավ, ասեց, որ պետք է պատմական կաղապարներից հրաժարվել: Դա որն է` հայկական ավանդական ընտանիքը, քրիստոնեական արժեքները, ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, արցախյան հարցում հայանպաստ դիրքորոշումից հրաժարվելը: Դա որն է: Ես վերջերս եղել եմ Թուրքիայում, Յըլդըրըմի հետ դեմ-դեմ կանգնել եմ ցեղասպանության մասին խոսել եմ, Ադրբեջանի ԱԺ նախագահին էլ ասել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի ու առանց դրա պետք չէ խոսել խնդրի կարգավորման մասին: Եթե ձեզ թվում է, թե ձեր տված դուխով եմ խոսել, հաստատ այդպես չէ: Եթե դա է վիզը ծուռ քաղաքականությունը, ես համաձայն չեմ»:

Անդրադառնալով անվտանգությանը՝ ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության կարևորագույն մասն է. «Ես գտնում եմ, որ մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքը մեր բանակն է ու ՀՀ-ն: Բայց պետք է ընդունենք, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի»:

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցվեց, դա իրավաբանական հարց է, չեմ ուզում մտնել դրա մեջ: Բայց Դուք ու Ձեր իշխանությունը հայտարարել է, որ Հայաստանն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն շարունակի գլխավոր քարտուղարի պաշտոնն ունենալ ՀԱՊԿ-ում: Հիմա նոյեմբերի 8-ին Աստանայում այդ հարցը քննարկվելու է: Ես ակնկալում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելու համար: Դա կլինի մեծ նվեր մեր ժողովրդին: Ի դեպ, այդ օրն իմ ծնունդն է, սպասում եմ, որ այդ պաշտոնը Հայաստանին մնալը կլինի ինձ նվեր»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքերով թավշյա հեղափոխությունից 6 ամիս անց ի վերջո սերն ու համերաշխությունը հաղթեց՝ ընդդիմությունը և իշխանությունը կարծում են, որ պետք չէ կողմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը:

ԱԺ փոխխոսնակը խնդրեց իր քննադատություններում անձնական բան չփնտրել, ինքը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, չկա հին ու նոր Հայաստան, կա մեկ Հայաստան, որը գալիս է Բելին հաղթող Հայկ Նահապետից և գնալու է մինչև հավերժություն:

Նույն շարքից