Բարի օր Հասարակություն 

Խստորեն մերժելի են ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը. Գարեգին Բ

analitik.am

Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը:

Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողն ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար:

Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպն իբրև մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել և կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց՝ սրբագրելու իրենց ընթացքը:

Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար և սպառնալիք՝ մեր ազգի հարատևությանը:

Գարեգին Բ

Կաթողիկոս Ամենայն Հայոց

1 նոյեմբերի, 2018 թ․

Նույն շարքից