Ազգային Ժողովի լուծարման և նոր ընտրությունների առաջին իսկ ազդանշանի դեպքում միջազգային տարբեր ատյաններից անմիջապես սկսեցին հույս հայտնել և շնորհավորել, որ վերջապես Նիկոլ Փաշինյանը կգնա վճռական քայլերի և կլուծի ղարաբաղյան թնջուկը։ Հաշվարկը պարզ է. գործադիր իշխանության սուպերվարչապետական համակարգի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ներկա պայմաններում նա կհավաքի իր ամբողջական վերահսկողության տակ գտնվող խորհրդարան, ժողովրդական զանգվածները ենթարկվում են նրա կամքին, իսկ ընդդիմությունը բարոյազրկած է և չի հանդգնի որևէ քաղաքական քայլի։
Ակնհայտ է դառնում, որ նախկին ղեկավարները որպես իրենց ուժեղ կողմ, որպես հաղթաթուղթ ներկայացրել էին այն, ինչն իրականում իրենց ամենախոցելի հանգամանքն էր՝ ոչ լեգիտիմությունը։ Այստեղ առկա է նաև էական պարադոքս. միջազգային կառույցները, տարբեր գերտերությունները ժամանակին նպաստել են նախկին իշխանությունների ոչ լեգիտիմությանը և Հայաստանում ժողովրդավարության խախտումներին հենց այդ նպատակով, որպեսզի այստեղ հաստատվեն ժողովրդի կամքը չներկայացնող այնպիսի իշխանություններ, որոնց հեշտ կլինի մանիպուլացնել։ Ժամանակի ընթացքում պարզվել է, որ այդպիսի ղեկավարներն իրենց թուլությունը դարձրել են առավելություն և դրա հիման վրա հրաժարվել են գնալ ոչ պոպուլյար լուծումների։
Եզրահանգումը, որ Հայաստանի շահերից չբխող լուծումներին կարող է գնալ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը, այն դեպքում, երբ ոչ լեգիտիմները մերժում էին այն, հակասում է թե՛ առողջ տրամաբանությանը, թե՛ բոլոր քաղաքագիտական տեսություններին։ Ստացվում է, որ կրկին Հայաստանը բացառություն է համաշխարհային պատմության մեջ, սակայն մեր բացառիկ դեպքի քննարկման համար փորձենք խուսափել այնպիսի կատեգորիաներից, ինչպես «մեր հեղափոխությունն աննախադեպ է», «հայու գենը», «մերն ուրիշ է», և այլն։
Ժողովրդավարական իշխանությունների կողմից ազգային շահերին հակասող որոշումներին պատրաստ լինելու տրամաբանության կա հակասություն հենց սահմանման մեջ։ Այս տրամաբանական կազուսը կարող է ունենալ երեք բացատրություն. կամ հողեր հանձնելը բխում է մեր ազգի շահերից՝ քանի դեռ իշխանությունները հանրահավաքների ժամանակ չեն հնչեցրել այս միտքը, մենք ևս խուսափենք այն արտաբերելուց, կամ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հողեր զիջել՝ այս տարբերակը թեև քիչ հավանական է, բայց այն ևս ունի գոյության իրավունք, սակայն սրա պարզաբանումը թողնենք իշխանական քարոզչամիջոցներին, և կամ էլ դեկտեմբերին ձևավորվող իշխանությունները ժողովրդավարական չեն լինի՝ սա շատ վտանգավոր եզրակացություն է, և արժե այն քննարկել հենց այդ վտանգի առկայության պատճառով։
Նիկոլ Փաշինյանի հայտարարած «ափալ-թափալ ընտրությունները» չեն բխում են Հայաստանում կայուն ժողովրդավարություն հաստատման շահերից, այլ հենց նա էլ նշել է, որ թելադրված է տվյալ պահին իր բարձր ռեյտինգով։ Այդ հիմքի վրա կազմավորվող իշխանությունները ոչ թե դեմոկրատական են, այլ պոպուլիստական։ Ընտրական օրենսգիրքը բնականոն գործընթացով ընդունելու, կուսակցություններին ընտրություններին մասնակցելու համար խելամիտ ժամկետներ տալու, հասարակությանն ընտրություններին նախապատրաստվելու դեպքում Հայաստանում հնարավոր էր ժողովրդավարականին ավելի նման քաղաքական համակարգի հաստատում։
Սակայն ստացվում է այնպիսի իրավիճակ, որ այն ինչ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին ձեռնտու խորհրդարան ստանալու համար, հետագայում կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները բացարձակ ոչ լեգիտիմ դառնան։ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է քաղաքական թակարդում՝ մի կողմից ցանկացած իշխանություն ձգտում է ավելի շատ իշխանություն ձեռք բերելու, և նա նույնպես չի կարող բացառություն լինել, սակայն իշխանությունները նաև ձգտում են ավելի շատ կայուն իշխանություն ձեռք բերել, քանի որ նրանք պարտավոր են նայել հեռանկարին, իրենց հաստատունության համար պարտավոր են այնպես կազմակերպել իշխանությունը, որ այն արտահայտի ոչ միայն օրվա պատկերը, այլև գոնե մոտակա հեռանկարի մոզաիկան։
Մինչդեռ զանգվածների էյֆորիկ բարձունքի և ընդդիմության դեպրեսիայի վրա հիմնված ընտրությունները կարտահայտեն միայն տվյալ պահի իրողությունները, և ամիսներ, անգամ շաբաթներ անց կարող են բացարձակ չհամապատասխանել հասարակական տրամադրություններին, այսինքն՝ իշխանությունը կրկին շատ արագ կարող է դառնալ ոչ լեգիտիմ և դրանով իսկ՝ չափազանց խոցելի։
Նոր Հայաստանի իշխանությունները հայտնի են քաղաքական կարևոր իրադարձություններին զուտ ֆորմալ բնույթ հաղորդելու իրենց հմտությամբ։ Այս շարքում կարելի է նշել ինչպես վարչապետի հրաժարականը, հետո էլի առաջադրվելը, հետո նորից իր առաջադրման անընդունելիության պահանջը. այս տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հինգ անգամ առաջադրվում է նախագահ՝ Գինեսին արժանի ռեկորդ։
Նման մոտեցումը քաղաքական պրոցեսները փոխարինում են «կրուտիտներով», արդյունքում ստացվում է, որ ինչպես նախկին նախագահներն էին ասում «թղթերով ամեն ինչ կարգին է», սակայն քաղաքական առումով սարսափելի քաոս է։ Հիմա կրկին փորձ կարվի ժողովրդավարություն կոչված կարևորագույն կատեգորիայի հաստատման պրոցեսը նենգափոխել քվեարկությունների ժամանակ խախտումների բացակայությամբ։ Կարող են ստանալ թափանցիկ քվեարկություն, սակայն այն չի լինի ազատ ու արդար ընտրություն, ինչը կդառնա քաղաքական ոչ լեգիտիմության հիմք։
Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսվում է իր նախորդների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման նման։ Եթե մի դեպքում լեգիտիմությունն ի սկզբանե ականապատվում էր հոկտեմբերի 27-ով, մյուս դեպքում մարտի 1-ով, այս դեպքում նման սիմվոլիկ նշանակություն կարող է ձեռք բերել դեկտեմբերի 9-ը։ Դրա փոխարեն նոր ձևավորվող իշխանություններին արտաքին պարտադրանքն առավել վտանգավոր է դառնում առաջին շաբաթներին զանգվածների բարձր էյֆորիայի պատճառով։
Իհարկե, սրանք անհամեմատելի են այն մարդկային զոհերի տեսանկյունից, որ եղան 1999 և 2008 թվականներին, բայց քաղաքական տեսանկյունից ԱԺ ափալ-թափալ ընտրությունները նույնքան մեծ պոտենցիալ ունեն հենց սկզբից ականապատելու նոր իշխանությունների լեգիտիմությունը։
Աղասի Ենոքյան
Աղբյուրը` tert.am